Սա շինծու մեղադրանք է և ակնհայտ քաղաքական հետապնդում. Պատգամավորները՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ վարույթի մասին
Քաղաքական
15:25 09/01/2026
Հայաստան

Սա շինծու մեղադրանք է և ակնհայտ քաղաքական հետապնդում. Պատգամավորները՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ վարույթի մասին

«Ընթացող դատական գործընթացները քաղաքական հրահանգների արդյունք են»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի  դատական գործին։ 

«Մեզ համար ակնհայտ է, որ որոշումները կայացվում են քաղաքական հրահանգներով։ Այդ մարդիկ առհասարակ դատարանում չպետք է գտնվեին»,- ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք՝ մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատական առաջին նիստը։ Մեղադրող դատախազը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել նրանց նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը՝ նշելով ազատության մեջ «հակաիրավական արարքների» ռիսկը։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ ներկայացված մեղադրանքները շինծու են և ուղղված են քաղաքական հակառակորդների դեմ։

«Սա շինծու մեղադրանք է և ակնհայտ քաղաքական հետապնդում։ Ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, որոնք արժանապատիվ կեցվածք են դրսևորում», - նշեց պատգամավորը։

Դանիելյանը հավելեց, որ անազատության մեջ գտնվող անձինք ուշադիր հետևում են երկրում տեղի ունեցող գործընթացներին։

«Շատ արժանապատիվ կեցվածք են դրսևորում բոլոր այն մարդիկ, որոնք որ այս իշխանությունների կողմից բանտարկվել են, ռեպրեսիաների են ենթարկվել։ Իրենք պինդ ու ամուր կանգնած են իրենց սկզբունքներ հետևում», - ասաց նա։

Պատգամավորը քիչ ակնկալիքներ ունի նաև դատական նիստերից։

«Հայաստանի դատական համակարգը ուզուրպացված է իշխանությունների կողմից», - ընդգծեց նա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ  Հայաստանում այս պահին կա ավելի քան 50 քաղբանտարկյալ, ինչն աննախադեպ երևույթ է։

«Հայաստանի Հանրապետությունում այս պահին կա 50-ից ավել քաղբանտարկյալ։ Սա աննախադեպ թիվ է։ Բոլորին միավորում է մի բան՝ նրանք այլախոհներ են, և սա ճնշման փորձ է՝ ազդելու թե՛ այդ անձանց, թե՛ նրանց պայքարի ընկերների վրա», — նշեց նա՝ հավելելով, որ այդ ճնշումները արդյունք չեն տալու։

Նրա խոսքով՝ մի շարք գործերում խոսքը ոչ միայն անհատների, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշման մասին է։

«Սա ոչ միայն անհատ այլախոհների դեմ իրավական համակարգի օգտագործմամբ հալածանք է, այլ նաև ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում։ Խոսքը գնում է «Անտիֆեյք» լրատվական ծառայության մասին, որի աշխատանքը փորձել են խոչընդոտել տեխնիկայի առգրավմամբ և այլ մեթոդներով», - ասաց Մամիջանյանը։

Նա ընդգծեց, որ տվյալ գործընթացը հստակորեն հրահրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից։

«Սա Ալեն Սիմոնյանի կողմից հրահրված գործընթաց է՝ իր ստատուսով հրահրած, հետո նաև իր կողմից գործ տված։ Սա մի բան է, որ կյանքումս չէի լսել», - նշեց պատգամավորը։

Մամիջանյանը տարակուսանք հայտնեց նաև միջազգային կառույցների և դեսպանատների լռության կապակցությամբ։

«Այս պարագայում հստակ գնահատականների անհրաժեշտություն կա։ Իսկ միջազգային կառույցների լռությունն ինձ համար անհասկանալի է։ Ցավոք, աշխարհաքաղաքական շահերը այսօր գերադասվում են մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից», - ասաց նա։

Եզրափակելով՝ Մամիջանյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները պատրաստ են կիրառել բոլոր գործիքները իշխանությունը պահելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա շինծու մեղադրանք է և ակնհայտ քաղաքական հետապնդում. Պատգամավորները՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ վարույթի մասին