Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լուրջ «մարտեր» են սպասվում. Վաղը 18 արդարների գործով դատական նիստն է
«Մոտեցել ենք 18 արդարների գործով բուն դատավարությանը: Առանցքային կարևորության փուլ է` հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցն է քննարկվում: Այսուհետ լուրջ «մարտեր» են սպասվում դատական նիստերի դահլիճում. Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է»,-նման հայտարարություն է տարածել այս գործով որպես մեղադրյալ անցնող Լիդյա Մանթաշյանը։
Նա շարունակում է՝ ամիսներ շարունակ իշխանական տարբեր գործիչներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ թմբկահարել են իրենց ունեցած ապացույցների մասին:
«Այս փուլում արդեն ժամանակն է խոսելու դրանց մասին: Ի՞նչ է դա նշանակում. հատ-հատ ներկայացնել բոլոր ապացույցները, հիմնավորել, թե որ ապացույցով ինչ հանգամանք է ապացույցվում և դա որ մեղադրյալի մեղավորությունն է ապացուցում:
Բայց տեսնում ենք որ անհատականացնելու փոխարեն, Դատախազությունը լղոզված է ներկայացնում ապացույցները: Ասում են` բոլոր ապացույցները բոլոր մեղադրյալներին են վերաբերում: Այդպես լինել պարզապես չի կարող:
Ոչ միայն որովհետև դա հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև օրենքին. ամեն ոք իրավունք ունի անհատապես իմանալու որ ապացույցը ինչպես է հիմնավորում իր մեղադրանքը:
Իրապես, չէին կարող 18 հոգանոց խմբի բոլոր անդամները «հանցավոր» խմբում նույն գործողությունները կատարեին: Հանրությունը պետք է տեսնի ապացուցման ենթակա բոլոր հանգամանքների և բոլոր մեղադրյալների վերաբերյալ կա՞ արդյոք տեռորիզմի և իշխանազավթման ապացույց: Ինչո՞ւ չի Դատախազությունը ցանկանում այդպես անել, որովհետև տվյալ դեպքում հստակ կերևա, որ հանցագործությունը հիմնավորող ապացույց չկա:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 15-ին, ժամը 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)»,-նշում է Լիդյա Մանթաշյանը։