Գագիկ Սարգսյանը վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները
Քաղաքական
15:42 20/01/2026
Հայաստան

Գագիկ Սարգսյանը վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները

«Որոշում եմ կայացրել՝ վայր դնելու լիազորություններս որպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ»,-այս մասին հայտնել է Գագիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ որոշումը բարդ է, շատ երկար է մտածել, ջանացել, որ չհանգի այդ եզրակացությանը։

«Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Պատճառները մի քանիսն են, այն աշխատանքային մթնալորտը, կամքն է, որ պետք է լինի սպորտաձևի զարգացման համար։ Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով, այդ սպորտաձը զարգացնել հնարավոր չէ»,-ասաց նա՝ նշելով, որ տարիներ շարունակ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, ներկայացրել առկա խնդիրները, սակայն դրանք լուծում չեն ստացել։

Նա ընդգծում է, որ հունվարի 20-ի դրությամբ դեռ չեն ստացել  պետական ֆինանսավորումը։

«Տարիներ շարունակ նույն վիճակն է, տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններն անցկացվել են պարտքով, և նույնը շարունակվում է հիմա։ Բնականաբար, հասկանում ես նաև, որ չի կարող տարիներ շարունակ այս գործընթացը շարունակվել»,-ասաց նա՝ նշելով, որ մեկ անգամ պատանիների առաջնությունը հետաձգվել է, մեծահասկաների առաջնության ճակատագիրն անհայտ  է․

Գ. Սարգսյանի խոսքով, իրենք միջազգային գործընկերների հարցումներին պատասխան ուղարկել չեն կարողանում, քանի որ չգիտեն՝ մարզական միջոցառումների անցկացման համար երբ կտրամադրվի պետական ֆինանսավորումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը իտալական Tour de Ski մրցաշարում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելուց ու տուգանվելուց հետո պարզաբանում ստանալու համար դիմել է Հայաստանի դահուկային սպորտի  ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանին։

Գագիկ Սարգսյանը հրապարակել է և ԿԳՄՍ նախարարության հարցումը, և իր պատասխանը՝ նշելով, որ «հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder