Հունվարի 23-ին կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը. «Երբ գրում էինք թատրոնի բացման մասին տեքստը, բոլորն անընդհատ լացում էին»
Մշակույթ
12:21 21/01/2026
Հայաստան

Հունվարի 23-ին կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը. «Երբ գրում էինք թատրոնի բացման մասին տեքստը, բոլորն անընդհատ լացում էին»

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 35 տարի սպասում է իր սեփական շենքին, բեմին… Թատրոնի ու հանդիսատեսի համար այդ պատմական օրը մոտ է. հունվարի 23-ին Երևանի Անրի Վեռնոյի փողոցում կբացվի Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ 
ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այդ ժամանակվանից այն գործել է Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտի առաջին հարկում։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը կայացել է 2019 թ. 
մարտի 23-ին։ Շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը։

«Երբ գրում էինք թատրոնի բացման մասին տեքստը, բոլորն անընդհատ լացում էին։ Շատ սպասված է մեր թատրոնի բացումը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Թատրոնի շենքի բացումը կնշանավորվի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացմամբ բեմադրությամբ։  
«Թատրոնը պետք է թատրոնով  ներկայանա, այդ իսկ պատճառով որոշել ենք թատրոնի բացումը նշանավորել հենց ներկայացմամբ։ Հատուկ ենք ընտրել, քանի որ այն շատ թատերային, ուրախ ներկայացում է, թատրոնն իր ողջ դրսևորումներում այս բեմադրության մեջ արտացոլված է»,-  ներկայացման ընտրությունն այսպես բացատրեց Նարինե Գրիգորյանը, ով նաև բեմադրիչն է։

Նա նշեց, որ արդեն կես տարի է նոր շենքում են փորձեր անում, թեև դեռ աշխատանքներն ավարտված չեն եղել. «Բեմում էին աշխատում, մենք գնում էինք մի անկյուն, փորձ անում, այդ անկյուն էին գալիս, իջնում էինք առաջին հարկ։ Ամեն տեղ փորձ էինք անում»։

Թատրոնի դերասանները հունվարի 26-ին գնալու են Հնդկաստան՝ մասնակցելու միջազգային փառատոնի, իսկ վերադարձից հետո՝ ամբողջ փետրվարին, թատրոնը հանդես կգա պրեմիերաներով՝ «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Երվանդ Քոչարի ստեղծագործությունների հիման վրա Անդրանիկ Միքայելյանի բեմադրած «Քարը», Սիմոն Աբգարյանի «Պենելոպե»։

«Այս տարվա և ընդհանրապես մեր թագ ու պսակը՝ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե» ներկայացումը կլինի մեր բեմում փետրվարի 25-ից։ Նա հիմա չի կարող գալ, այդ իսկ պատճառով մի փոքր հետաձգվում է «Պենելոպե»-ն»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 

Նա հայտնեց, որ տարվա ընթացքում շատ նախագծեր ենք իրականացնելու։ Այս տարի նաև թատրոնի 35-ամյակն է, որը  հատուկ կնշվի։ 

«Այս տարի աստիճանական, անվերջ իրադարձությունների ենք պատրաստվում։ Աստված տա ամեն ինչ լավ լինի աշխարհում, մեր երկրում, բոլորս վայելենք ու լցվենք արվեստով»,- ասաց Նարինե Գրիգորյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder