Կա՞ Հայաստանում մի մարդ, որ իմ չափ կառավարման փորձ ունի. Քոչարյան
Քաղաքական
14:17 29/01/2026
Հայաստան

Կա՞ Հայաստանում մի մարդ, որ իմ չափ կառավարման փորձ ունի. Քոչարյան

««Սիստեմա» ԱՖԿ-ում ես աշխատել եմ 12 տարի։ Բացի այն փորձից, որ ես ունեմ, երբ աշխատել եմ նախագահ, վարչապետ, նաև հսկայական կորպորացիայում աշխատելու մեծ փորձ եմ ձեռք բերել։ Դուք նշեք Հայաստանում որևէ մեկին, որն այդ կարգի փորձ ունի, և պատերազմական, և պետական կառավարման, և մասնավոր հատվածում, նշեք գոնե մեկ անուն։ Իմ գիտելիքները շատ բազմազան են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այդ ունաիկալ փորձը կարող է ծառայել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի շահերին։

Նա հիշեց, որ ««Սիստեմա» ԱՖԿ-ի տնօրենների խորհրդում աշխատելու տարիներին շատ լավ է վճարվել, աշխատավարձի մի մասն էլ ստացել է արժեթղթերի տեսքով, ինչի արդյունքում այսօր այդ հսկա կորպորացիայի քիչ քանակությամբ արժեթղթեր ունի։

Լրագրողները հետարքրվեցին, թե այս պահին Ռոբերտ Քոչարյանի գլխավոր դաշինքը ո՞ր քաղաքական ուժի հետ է բանակցությունների մեջ, պատրա՞ստ է նախկին նախագահը հրաժարվել ցուցակի առաջին տեղը զբաղեցնելու մտքից, եթե դա խանգարի ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիային։

«Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, մենք վերջնական որոշում չունենք, բայց հակված ենք մնալ նույն ֆորմատով։ Անցած անգամ ասել եմ, որ փետրվարին ենք որոշումը կայացնելու, դեռ ժամանակ ունենք»,-ասաց Քոչարյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ բարենպաստ է քաղաքական դաշտը խոշոր բլոկների ձևավորման համար։

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է գլխավորելու ցուցակը, ապա Քոչարյանը նշեց, առաջնորդվելու են պրագմատիկ եղանակով, իրականացնելու են սոցհարցում։

«Եթե սոցոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերողը, ուրեմն ես եմ լինելու։ Եթե հայտնվելու է մեր դաշինքում մեկը, որ կարող է ավելի շատ ձայներ բերել, ուրեմն ինքն է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեմ։ Բայց տեսնենք ինչպես է լինելու։ Այս վիճակում պայքարից փախնելը կհամարեմ դասալքություն»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ ավելացնելով, որ այս պահին հարցումները ցույց են տալիս, որ այդ թեկնածուն ինքն է։

Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը հիմա գնում է ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021 թվականին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կա՞ Հայաստանում մի մարդ, որ իմ չափ կառավարման փորձ ունի. Քոչարյան