Լիբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Քադաֆիի որդին սպանվել է
Քաղաքական
10:04 04/02/2026
Աշխարհ

Լիբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Քադաֆիի որդին սպանվել է

Լիբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, մահացել է հրազենային վերքերից։

«Դեպքի վայրի զննումը ցույց է տվել, որ զոհը ստացել է հրազենային վերքեր, որոնք հանգեցրել են նրա մահվան»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Քննիչները զննել են սպանության վայրը և այժմ պարզում են հանցագործության մեջ ներգրավված անձանց ինքնությունը։

«ՌԻԱ նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ երեկ երեկոյան Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող  տան վրա հարձակման հետևանքով մահացել է Քադաֆիի որդին։ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի մահը հաստատել է նրա զարմիկը։

Սեյֆ ալ-Իսլամը քաղաքական դեր է խաղացել իր հոր՝ Մուամմար Քադաֆիի կառավարման տարիներին, որը սպանվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Կրտսեր Քադաֆին պլանավորել էր մասնակցել 2021 թվականի նախագահական ընտրություններին, սակայն դրանք այդպես էլ տեղի չունեցան։

Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի կողմնակիցները կոչ են արել անկախ միջազգային հետաքննություն անցկացնել նրա սպանության գործով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Քադաֆիի որդին սպանվել է