Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում. Արցախի պետնախարար
Քաղաքական
16:58 05/02/2026
Հայաստան

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում. Արցախի պետնախարար

«Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ»,-  նշել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Բաքվի դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռներին»։ 

Նա գրել է. «Երեկ Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ։ Փաշինյանն ու Ալիևը՝ խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։

Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ:

Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։

Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն»։ 

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները». Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման,  Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder