Մեր առաջարկելիք ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան
Քաղաքական
14:56 12/02/2026
Հայաստան

Մեր առաջարկելիք ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան

«Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին ներկայացած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը (տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության միջոցով): 

Մինչ այդ հայտարարվել էր, որ կուսակցության վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանն ասում է. «2025 թվականի հուլիսի 4-ին, երբ դեռ մեկ ամիսը կալանքիս չէր լրացել, դիմեցի ձեզ ու ասացի իմ նախաձեռնության մասին, որն այսօր իրականություն է դառնում։ Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական մեկ բռունցք դառնալով՝ մտնում ենք քաղաքական պայքարի մեջ: Հանուն մեր հայրենիքի լավ ապագայի։ Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով՝ փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը, ձեր բոլորի ձայնը։ Բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին։

Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում։ Հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։

Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։

Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խուսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է «հանձնվել»։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է՝ հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ՈՒԺԵ՛Ղ և արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ և դրա ներդրմամբ։ Որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։

Մենք մեր Հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը: Մի առիթով հայտարարել էի նույնիսկ՝ մեր սեփական գրպանների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը:

Մեր առաջարկելիք ծրագիրը ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան։ Մեր մեծ թիմը և ես անձամբ` աշխատում ենք ոչ թե երկրի տնտեսության դանդաղ վերակենդանացման, սոցիալական իրավիճակի որոշակի բարելավման, այսինքն «յոլա գնալու» ռեժիմին վերադառնալու համար, այլ որպեսզի հստակ ու արագ քայլերով տանենք Հայաստանը սրընթաց զարգացման, իսկ մարդկանց՝ դեպի տեսանելի բարեկեցություն: Բարեկեցություն, որտեղ մարդիկ արժանապատիվ աշխատանքով վաստակում են արժանապատիվ աշխատավարձ:

Շուտով հետևողականորեն կպատմենք Ձեզ մեր բոլոր ծրագրերի մասին, որոնք բացառիկ են Հայաստանի համար ու թույլ կտան արագորեն լուծել մեր ժողովրդի կենսամակարադակի բարձրացման գլխավոր խնդիրը։

Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան, որտեղից ուզում են փախչել»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր առաջարկելիք ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան. Սամվել Կարապետյան