Լարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստի ընթացքում. «վաշտի հրամանատարը, փոխգնդապետը, գնդապետը... պատասխան եք տալու»
Իրավունք
14:07 06/03/2026
Հայաստան

Լարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստի ընթացքում. «վաշտի հրամանատարը, փոխգնդապետը, գնդապետը... պատասխան եք տալու»

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում։

Այսօր հարցաքննվեց գործով մեղադրյալ, տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը։ 

«Ծանր եմ տարել։ Ղազարյան Տիգրանն ինձ ասել է՝ Եղիշե Հակոբյանը ուզել է վառել վառարանը, հրդեհ է սկսվել։ Վսյո։ Չկա այնպիսի բան, որ գիտեմ ու գիտեմ, որ գործին օգուտ կտա, չասեմ։ Նման բան չկա»,- ասաց նա։

Մեղադրյալը չցանկացավ պատասխանել զոհված զինծառայողների հարազատների, հանրայի մեղադրողի հարցերին՝ նշելով, որ իր ցուցմունքում կա բոլոր հարցերի պատասխանները։ 

«Գոռ Աղեյանի դրսևորած վարքագծի կապակացությամբ ափսոսանք եմ հայտնում։ Հանդիսանալով տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ, այս քրեական վարույթի շրջանակներում ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, շատ լավ գիտակցելով, որ վերջին տարիներին հենց իր խոսքն ու աջակցությունն այս քրեական վարույթին կարող է նպաստել ամբողջական, լիարժեք բացահայտմանը, ցանկանում եմ հիշեցնել, որ երբ նրա նկատմամբ ընտրված էր կալանքը որպես խափանման միջոց, ինքը հենց առաջին դատական նիստում խոստանում էր՝ տվեք ինձ ազատություն, հնարավորություն, իմ ամբողջ ջանքերը կներդնեմ այս հանցագործությունը լիարժեք բացահայտելու համար:

Պարոն Աղեկյան, իմ հարգանքը ձեզ, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ այօր հասարակությունը ձեր խոսքին էր սպասում, որպես Զինված ուժերի պատասխանտու սուբյեկտի, որ կարողանայիք ձեր ցուցմունքով տուժողների ու հանրության մոտ առաջացած հարցերին տալ սպառիչ պատասխաններ: Այս համատեքստում գալ դատարան, օգտվել  դատավարական իրավունքից, հրաժարվել պատասխանել հարցերից... »,- ասաց զոհվածների հարազատները ու նրանց ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

Զոհվածների հարազատները զայրացան, որ Գ.Աղեկյանը չի ցանկանում պատասխանել իրենց հարցերին։ 

«Համբերատար լսել ենք, որ հետո տանք հարցեր, ստանանք մեր հարցերի պատասխանը։ Այս ամենը հարգանք է տղերքի ու մեր հանդեպ, որ չցուցաբերեցին»,- նշեց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

«Վաշտի հրամանատարը, փոխգնդապետը, գնդապետը... Պատասխան եք տալու»,- դահիճից գոռաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

Դատավորը պահանջեց լռություն, հայտարարեց նախազգուշացում. «Հասկանում եմ ձեր վրդովմունքը, բայց թողեք լսենք»։ 

Հանրային մեղադրողները միջնորդեցին հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները։ Միջնորդությունը բավարարվեց։ 

Դատական նիստի ընթացքում հոսանքն անջատվեց։ Դատավորը հայտարարեց ընդմիջում, քանի որ դատական նիստը չեն կարող արձանագրել։  

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder