Իշխանության ոչ ադեկվատ վարքագիծը խոսում է այն մասին, որ իրենք հասկանում են՝ հասարակության կողմից այլևս ընդունելի չեն. Էլինար Վարդանյան
Քաղաքական
16:11 30/03/2026
Հայաստան

Իշխանության ոչ ադեկվատ վարքագիծը խոսում է այն մասին, որ իրենք հասկանում են՝ հասարակության կողմից այլևս ընդունելի չեն. Էլինար Վարդանյան

«Իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքացիների հետ միջադեպերի պատճառներից է իրենց լարվածությունն ու ընդհանուր հանրային մթնոլորտը»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ խոսելով օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների մասնակցությամբ միջադեպերին։

Ըստ նրա, իշխանությունները հասկանում են, որ իրենց իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքը իսկապես փոխվել է, նաև ստեղծված մթնոլորտի արդյունքում հանրությունը դարձել է  անհանդուրժող իրենց նկատմամբ։

Անդրադառնալով կոնկրետ երեկ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու երիտասարդների ձերբակալությանը, Է. Վարդանանն ասաց. «Կարևորում եմ այն հոդվածը, որով երիտասարդները ձերբակալվել են։ Խոսքը վերաբերում է ծառայողական և քաղաքական գործունեությանը խոչընդոտելուն։ Այս հոդվածը մի նոր, շատ արատավոր նախադեպ է դնելու, որովհետև դա նշանակելու է՝  եթե Փաշինյանը կամ ցանկացած իշխանավոր գնան որևէ միջոցառման և այնտեղից պարզապես իրենց հետ համաձայն չլինող մարդիկ   դուրս հրավիրերն վերջիններիս, ասելու են՝ դուք իրենց ծառայողական կամ քաղաքական գործունեությանը  խոչընդոտում եք, սա քրեորեն պատժելի արարք է։

Սա իրավական համակարգում շատ  վտանգավոր ու այլանդակ նախադեպ է  ստեղծելու»։

Ըստ Է. Վարդանյանի, իշխանության անդամները տարբեր իրավիճակներում պարբերաբար սադրելու են մարդկանց,  փորձելու են այդ սադրելու արդյունքում մարդկանց սպառնալ քրեական գործերով։

«Իշխանության անհանգստությունը, ոչ ադեկվատ վարքագիծը  խոսում է  այն մասին, որ իրենք շատ լավ տիրապետում են իրական սոցիոլոգիական թվերին, իսկ իրական թվերը խոսում են այն մասին, որ այս իշխանությունն այլևս մեր հասակարության կողմից ընդունելի չէ, այս իշխանությունն առաջիկա ընտրություններում եթե չկիրառի իրավախախտումների ամբողջ փաթեթը, իսկ ես տեսնում եմ, որ քայլ առ քայլ գնալու են դրան, մեծամասնությունից շատ հեռու ձայներ են ստանալու»,- ասաց նա։

Էլինար Վարդանյանը համոզված է, որ առաջիկայում կլինեն նոր ձերբակալություններ, կալանքներ, իշխանությունները կդիմեն ցանկացած միջոցների, որոնցով հնարավոր կլինի երաշխավորել իրենց վերարտադրությունը. «Այս ընտրությունն իրենց համար կենաց-մահու ընտրություն է, այս  ընտրությունից է կախված իրենց հետագա ճակատագիրը։ Նաև մեզ համար այս ընտրությունը սովորական ընտրություն չէ, քանի որ իրականում պետություն, պետականություն ունենալու ընտրություն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder