ՔՊ-ի գնացքն արդեն մեկնել է, հիմա կախվել են փրփուրներից. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
12:45 07/04/2026
Հայաստան

ՔՊ-ի գնացքն արդեն մեկնել է, հիմա կախվել են փրփուրներից. Արթուր Խաչատրյան

«Իրենց գնացքն արդեն մեկնել է, հիմա կախվել են փրփուրներից։ Ուշ է,  ձեր գնացքը գնացել է»,-ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։ 

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվում է  ՔՊ-ականեր Արուսյակ Ջուլյակյանի, Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը, որով ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

Ըստ Ա. Խաչատրյանի, ՔՊ-ն հասկանում է, որ իր վերջն է, փորձում են տարբեր ձևերով տարբեր խոչընդոտներ ստեղծել։

«2022 թվականից կարդում էիք Ընտրական օրենսգիրքը։ Կոչ եմ անում՝ շարունակել կարդալ, մի հատ հասկացեք, տեսեք՝ ինչ սխալներ կան»,- ասաց Ա. Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 ընտրությունների ժամանակ ՔՊ-ի պլատներին միայն «Նիկոլ» էր գրված։ 

Մինչ այս Արուսյակ Ջուլյակյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում ԸՕ-ում։ 

Նախագծում նշվում է. 

«2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվում է.

1. հստակ սահմանել քվեատուփը բացելիս Հանձնաժողովի նախագահի քվեարկության ծրարից բացի ձեռքում այլ իր ունենալու արգելքը:

2. լրացնել Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարելու հիմքերը: Որպես հիմք` սահմանվել է նաեւ քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը:

3. ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարի դեպքում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարել այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը:

4. արդյունքներն ամփոփելիս մարված սահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվարկվեն որպես անվավեր:

5. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը, որով սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները:

6. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ՝ վերականգնելով հետեւյալ բովանդակությունը.

«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

Առաջարկվող փոփոխությունն ուղղված է Օրենսգրքի ներքին համակարգայնության, իրավական որոշակիության եւ արդեն իսկ գործող կարգավորումների միջեւ ներդաշնակության վերականգնմանը:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնականում ի հայտ եկող խնդիրները, ինչպես նաեւ կատարելագործել դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նաեւ վերացնել Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի խմբագրման ընթացքում թույլ տրված վրիպակը եւ վերականգնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ մինչ այդ գործող սահմանափակումները:

Այսպիսով՝ Նախագիծը կնպաստի ընտրական գործընթացի իրավական որոշակիության, ընտրական գործընթացի թափանցիկության եւ արդարության ապահովմանը, ինչպես նաեւ Օրենսգրքի տարբեր հոդվածների եւ հարակից իրավական ակտերի միջեւ համակարգային ներդաշնակության պահպանմանը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ի գնացքն արդեն մեկնել է, հիմա կախվել են փրփուրներից. Արթուր Խաչատրյան