Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քարոզարշավի շրջանակներում լրատվամիջոցները չընդունված անորակ ճանապարհները լուսանկարահանում են և տպավորություն են ստեղծում, թե դրանք մենք ընդունել ենք. ՏԿԵ նախարար
«Ճանապարհների որակի հետ կապված մենք բարելավումներ ունենք, բայց շարունակում է խնդիր մնալ բիտումի որակը»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի հետ շարունակում են սահմանին բիտումի որակի խիստ վերահսկողությունը։
Նախարարն ասաց, որ միջինը 10 մեքենայից վերջին շրջանում 1-2-ն է հատել ՀՀ-ի սահմանը, մնացածը հետ են վերադարձվել՝ վստահեցնելով, որ արդեն մի քանի տասնյակ նման դեպքեր ունեն արձանագրված։
Խուդաթյանն ընդունեց, որ դրա արդյունքում մրցութային խնայողությունները կփոքրանան․ «Եթե նախկին տարի մրցույթներում միջինը 40 %-ն ավելի պակաս գին էին առաջարկում քան նախագծանախահաշվարկային գինն էր, ապա հիմա արդեն ունենք 20 % և նախորդ տարվա թոփ հաղթողներն այս տարի այլևս թոփ հաղթողներ չեն։ Կազմակերպություններ կան, որոնք նախորդ տարի իրականացրել է Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքների 30%, 40% նույնիսկ 50%-ը, բայց այս տարի նրանք տատանվում են նոր կայացած մրցույթների 10-12 %-ի շրջանակներում՝ պայմանավորված անորակ աշխատանքները չընդունելու հետ»։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետք է հայտարարվի, որ անորակ աշխատանքը չեն ընդունում։
«Որովհետև մեկ-մեկ շահարկվում է, որ ասֆալտը կա, գծանշում արված է, բայց իրականում անորակ աշխատանքի համար փողը չենք տալիս։ Հիմնականում, իհարկե, լինում են դեպքեր, որ մենք որակի հետ պրոբլեմներն ավելի ուշ ենք հայտնաբերում, բայց ընդհանուր առամամբ սկզբունքը դա է»,- հայտարարեց Փաշինյանը։
Դավիթ Խուդաթյանը հավելեց. «Մենք նախորդ տարի մոտավորապես 30 կմ շինարարների միջոցների հաշվին՝ դրանից առաջ կատարված աշխատանքների քանդման և նոր կառուցման աշխատանքներ ենք իրականացրել։ 2025 թ-ի համար, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար այդ թիվն ավելի մեծ է լինելու»։
Նա հայտնեց, որ առաջիկայում հանձնարարել է քանդել մի ճանապարհ, որ նույնիսկ քաղաքացիները լավ են գնահատում, բայց իրենք դժգոհ են։
«Ամբողջ 20 կմ ճանապարհը մենք քանդել ենք տալու»,-ասաց Խուդաթյանը և նշեց, որ քաղաքաշինության կոմիտեի հետ անձամբ այցելել են, համալսարանի և Ճանապարհաշինության դեպարտամենտի լաբորատորիաները աշխատել են իրենց ներկայությամբ և որակը իրենց չի գոհացրել։
«Մենք այդ ճանապարհը քանդելու ենք և այն ենթադրում է, որ շինարարն այդ հատվածում ունենալու է 500 մլն դրամի կորուստ, բայց կարծում եմ, որ դա այն արժեքն է, որ իրենք պետք է վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար»,-հայտնեց Խուդաթյանը և, ենթդրելով, որ աղմուկ կբարձրանա նաև լրատվամիջոցների կողմից, հավելեց «Արդեն մենք տեսնում ենք տենդենցներ, որ քարոզարշավի շրջանակներում լրատվամիջոցները չընդունված ճանապարհները գնում լուսանկարահանում են և տպավորություն են ստեղծում որ այդ ճանապարհները մենք ընդունել ենք»։
Նախարարը վստահեցրեց, որ բազմաթիվ դեպքեր կան, որ խնդրահարույց ճանապարհներ են կառուցվել, որոնք չեն ընդունել և չեն վճարել, բայց ներկայացնում են, որպես ընդունված աշխատանքեր։