2020-ից հետո երիտասարդ տղաների հանդեպ մեր վերաբերմունքը պետք է զգույշ, նուրբ լիներ, սակայն հարվածները մեզ տանում են հակառակ ուղղությամբ. Լիլիթ Բլեյան
Հասարակություն
17:09 09/04/2026
Հայաստան

2020-ից հետո երիտասարդ տղաների հանդեպ մեր վերաբերմունքը պետք է զգույշ, նուրբ լիներ, սակայն հարվածները մեզ տանում են հակառակ ուղղությամբ. Լիլիթ Բլեյան

«2020 թվականից հետո երիտասարդ տղաների սերնդի հանդեպ, որոնց ուսերին  դրեցինք այդ ծանրությունը, մեր վերաբերմունքը պետք է փոխված լիներ, պետք է զգույշ, նուրբ լինեինք նրանց հանդեպ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը։

Ըստ նրա, այս երկիրն այդ երիտասարդներինն է, իրենց ներսում պետք է արթնացնեին  այս երկրի հանդեպ հույս, սեր, հարգանք, լավատեսություն։

«Այս հարվածները մեզ տանում են ուղիղ  հակառակ ուղղությամբ։ Պատժել մարդուն, որն ընդամենը գնացել էր պատարագ լսելու ու հայտնվել հրմշտոցի մեջ... Դժվար է  հասկանալ՝ քեզ ինչպես պահես, երբ հայտնվում է  ինչ-որ մեկը, ով մինչ այդ քո եկեղեցու հոգևոր հայրերին է վիրավորել, հետապնդումների ենթարկել, դու պետք է այդ պահին կողմնորոշվես՝ ինչ անել։ Դավիթն ու եղբայրը ծանր վիճակում էին հայտնվել։ Ես իմ կողմից ուզում եմ ներողություն խնդրել եղբայրներից, որ երկիրն  այն վիճակում ենք հանձնում իրենց սերնդին, որն ուղղակի միայն տխրություն, գուցե փախչելու ցանկություն իրենց մեջ առաջացնի»,- ասաց Լիլիթ Բլեյանը։

Լիլիթ Բլեյանն այսօր բազմաթիվ քաղաքացիների, հասարակական, մշակութային գործիչների հետ գլխավոր դատախազության դիմաց էր՝ ի աջակցություն Դավիթ Մինասյանի։ Նրանք պահանջում էին փոխել Դավիթի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։  

Լ.Բլեյանը նաև նշեց, որ Դավիթի հետ կատարվածը գուցե ըմբոսություն առաջացնի այս անարդար համակարգի  հանդեպ, որը գնալով ավելի կոշտացնում է իր քայլերը։

«Երեխաներին պետք է ասենք՝ չմտածեք, որ Հայաստանը սա է, Հայաստանն իր խորքում շատ լավ երկիր է։ Այս միջադեպը կհարթվի, այս քաղաքական իրավիճակը, վստահաբար, վերջ է ունենալու, բոլորս շարունակելու ենք սիրել ու ծառայել այս երկրին այնպես, ինչպես ինքն արժանի է»,- ասաց Լ.Բլեյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder