Կոռուպցիան գեղեցկացրել ու դարձրել են պարգևավճար. վանաձորցիները՝ թոշակների ու պարգևավճարների մասին
Հասարակություն
15:27 11/04/2026
Հայաստան

Կոռուպցիան գեղեցկացրել ու դարձրել են պարգևավճար. վանաձորցիները՝ թոշակների ու պարգևավճարների մասին

Վանաձորում քաղաքացիների հետ անցկացված սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ պարգևավճարների ու թոշակի միջև առկա տարբերությունից բողոքում են ու այն որակում որպես «ծայրահեղ անարդարություն»։

Հարցին` արդար է արդյո՞ք, որ 7 միլիոն պարգևավճարների ֆոնին, իրենց թոշակները բարձրացրել են 10.000 դրամով, տարեց քաղաքացիները պատասխանեցին. «Էդ սխալ է, թոշակը գոնե մինիմում պիտի 80,000 դրամ լինի։ Սա ինչ է»։

Մի կին էլ նշեց. «Ո՞նց կարա դա արդար լինի։ Ժողովուրդը ծայրահեղ վիճակի մեջ է, իսկ իրենք՝ ամեն մեկը 7 միլիոն, 5 միլիոն... Չի՛ կարող դա արդար լինել։ Բա մնացած ժողովրդի մասին ո՞վ պիտի մտածի»։

Շատերի կարծիքով, այդ հսկայական գումարները կարող էին ուղղվել սոցիալապես անապահով խմբերին, մանկատներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց։

Քաղաքացիները շեշտում են, որ նախարարներն էլ, բանվորներն էլ նույնպիսի մարդիկ են և պետք է ավելի համեստ ապրելակերպ ունենան.

«Նախարարն էլ է նույն մարդը, նույն կարիքներն ունի, բոլորն էլ հավասար են, մի քիչ պիտի հավասարություն լինի»։

Քաղաքացիներից մեկն էլ պնդեց. «էսօր թոշակառուն չպետք է 100,000 դրամից պակաս ստանա, եթե իրենք իրենց էդքան բարձրացնում են։ Իրենք գլխի գործ են անում, հավաքարար չեն, բայց դա չի նշանակում, որ պիտի անընդհատ պարգևատրվեն, երբ ժողովուրդը վատ է ապրում»։

Հարցվածների շրջանում հնչում են նաև խիստ գնահատականներ։ Ոմանք պնդում են, որ պարգևավճարների համակարգը պարզապես փոխարինել է նախկինում եղած կոռուպցիոն երևույթներին։

«Թոշակառուն 26,000 դրամ ստանա, իսկ նրանք՝ համ աշխատավարձ, համ պարգևավճար։ Գիտե՞ք ինչ են արել՝ կոռուպցիան գեղեցկացրել են, անունը դրել են պարգևավճար։ Էդ պիտի հանվի»։

Քաղաքացիները պատմում են, որ թոշակի բարձրացումը որևէ խնդիր չի լուծում գնաճի պայմաններում։

«Էս 10,000-ն ի՞նչ անես։ Հիմա մտել եմ խանութ, 5,000 դրամ ծախսել եմ ու ոչինչ չեմ առել։ Դա ձեռ առնելու նման մի բան է։ Մարդիկ կան՝ ո՛չ տուն ունեն, ո՛չ տեղ, շատ վատ պայմաններում են ապրում։ Որպես երկրի ղեկավար՝ Նիկոլը շատ սխալ գործ է անում էսքան քիչ աշխատավարձի պայմաններում իրենց նման մեծ պարգևավճարներ տալով»,- նշում են քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder