Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթը փաստաբանին հարցրել է՝ իսկ իմ մասին հիշո՞ւմ են. մայրերի նստացույցը՝ դատախազության մոտ
Այսօրվանից մի խումբ կանայք նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի առջև՝ կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 17-ին առավոտյան 11-ից մինչև 20։00-ն։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ապրիլի 17-ին կայանալու է Դավիթի գործով նիստ, նստացույց անող մայրերը հույս ունեն, այդ օրը նա ազատ կարձակվի, քանի որ կարծում են՝ միասնական լինելու դեպքում հնարավոր է հասնել փոփոխության։

«Փասաբանը փոխանցեց, որ այսօրվա դրությամբ Դավիթն էլի իրեն լավ չի զգում, ունի գլխապտույտներ։ Փաստաբանին հարցրել է՝ իսկ իմ մասին հիշո՞ւմ են։ Ուզում ենք ասել՝ Դավիթ, մենք քեզ հիշում ենք, դու մեղավոր չես, որ հայտնվել ես մի իրավիճակում, որը քեզ տարել է քրեակատարողական հիկնարկ, այնուհետև հիվանդանոց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նստացույց իրականացնող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։
Եվրոպագետ Արևիկ Ղալումյանն ասաց, որ Դավիթը լուրջ բուժման, խնամքի կարիք ունի և հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվի։
«Ես մեծ ակնկալիք ունեմ հասարակությունից. պետք է լինի հասարակական ակտիվ ճնշում առ այն, որ իսկապես սա մի դեպք է, որը կարող է տեղի ունենալ ցանկանցած անձի հետ նույնիսկ եկեղեցում աղոթելիս, հետևաբար վերաբերում է ողջ հասարակությանը»,- նշեց նա։

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը, պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով, ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։
Դավիթի դասընկերներն իրենց ծնողների հետ, տարբեր քաղաքացիներ տարբեր պետական կառույցների մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում, դիմումներ հանձնում ընդամենը մեկ պահանջ-խնդրանքով՝ փոխել Դավիթի փախանման միջոց կալանքը։
Մանրամասն՝ տեսանյութում։