Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բելգիայի և Նիդեռլանդների դեսպանները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Արցախի վերաբերյալ փաստաթղթեր ընդունելու համար
Բաքվում Բելգիայի դեսպան Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Նիդեռլանդների դեսպան Մարիան դը Յոնգը կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց բողոք է ներկայացվել իրենց խորհրդարանների կողմից Արցախի վերաբերյալ ընդունված փաստաթղթերի դեմ։
«Դեսպանները առանձին կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպումների ընթացքում նրանց իրենց բողոք է ներկայացվել Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի դեմ, որոնք ներկայացնում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված անպատասխանատու փորձեր»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բաքուն կարծում է, որ այդ փաստաթղթերը պատրաստվել են «լիովին կեղծ և անհիմն գնահատականների» հիման վրա և, իբր, ևս մեկ անգամ ցույց են տալիս այդ հաստատություններում խորը արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ամստերդամում Նիդեռլանդների Գերագույն Նահանգի Ներկայացուցիչների պալատը ներկայացրել և ընդունել է Քրիստոնեական Միություն կուսակցության պատգամավոր Դոն Սյոդերի երկու խորհրդարանական առաջարկները՝ մեկը՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման, մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Նույն օրը Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է պատգամավոր Միշել դե Մագդայի բանաձևը, որը, ի թիվս այլ բաների, կոչ է անում իրացնել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքներով։ Բանաձևի համաձայն՝ անվտանգ վերադարձը անհնար է առանց արդյունավետ միջազգային մեխանիզմի ստեղծման։
Բանաձևը նաև պահանջում է ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ դրանք վերադարձնելով 2021 թվականի մայիսի 12-ի զբաղեցրած դիրքերին։ Ավելին, բանաձևը անդրադառնում է Բաքվում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ճակատագրին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց կալանքը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական խնդիր։