Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքվի «Ումբակի» ՔԿՀ, կարող ենք ենթադրել, որ մյուս գերիները՝ ևս. Սիրանուշ Սահակյան
Քաղաքական
12:37 28/04/2026
Հայաստան

Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքվի «Ումբակի» ՔԿՀ, կարող ենք ենթադրել, որ մյուս գերիները՝ ևս. Սիրանուշ Սահակյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը  տեղափոխվել է  Բաքվի «Ումբակի» քրեակատարողական հաստատություն։ Panorama.am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Ռուբեն Վարդանյանի կարգավիճակը կալանավորվածից փոխվել է պատիժը կրող դատապարտյալի, և, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, քրեակատարողական հիմնարկները տարանջատված են։

Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Նա  «մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների հոդվածներով»։

Ս. Սահակյանն ասաց, որ Ռուբեն Վարդանյանի պարագայում  դատավճիռն ուժի մեջ է մտել։ 

«Ռուբեն Վարդանյանը հրապարակային հայտարարել էր, որ չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը ներպետական ատյաններում, քանի որ արդյունավետ չեն, դատավարությունն էլ ընդամենը բեմականացված արարողակարգային տեսարան էր, որտեղ երաշխիքներ չեն տրամադրվել և արդարությունը բացահայտելու ջանքեր չեն գործադրվել։ Ներպետական տրամաբանությամբ, Բաքվում գտնվող հայ գերիների՝ դատավճիռների հրապարակումից հետո նրանց կարգավիճակն են փոխվում. կալանավորվածից փոխակերպվում են պատիժը կրող դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի փոփոխությունը դրանով է պայմանավորված։ Նոր հաստատությունը գտնվում է արդարադատության նախարարության ենթակայության ներքո, իսկ նախորդ վայրն ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո էր, համարվում էր քննչական մեկուսարան, որտեղ պահվում էին կալանավորված անձինք։ 2020 թվականին գերեվարված, ավելի շուտ դատապարտված հայերը ևս տեղափոխվել էին «Ումբակի» քրեակատարողական հաստատություն, դրա համար կանխատեսելի էր, որ նույն վայր են տեղափոխելու»,- ասաց Ս. Սահակյանը։

Նա նշեց, որ մյուս հայ գերիների մասով հաստատված տեղեկություն չունեն, բայց, օրինաչափությունը դիտարկելով, կարող են հիմնավոր կերպով ենթադրել, որ մյուսները ևս տեղափոխվել են կամ կտեղափոխվեն  նույն հաստատություն։

Բաքվի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների մասին անմիջական տեղեկատվության աղբյուր չկա, միայն զանգերի ու միակողմանի նամակագրության հնարավորություն կա։ Ս. Սահակյանն ասաց, որ ԿԽՄԿ-ի փակվելուց հետո այնտեղ գտնվողներն ընտանիքի անդամներին նամակներ կամ տեսաձայնագրություններ ուղարկելու հնարավորություն չունեն, միայն որոշակի տեղեկություններ ստանում են ՄԻԵԴ-ի միջոցով։

«Վերջինը ստացել ենք փետրվարին։ Դրանից հետո Ադրբեջանը դիմել էր դատարանին՝ խնդրելով դադարեցնել հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը՝ պնդելով, որ  հայերի բոլոր երաշխիքները տրամադրվում են, նրանց ֆիզիկական  անվտանգությանը սպառնացող գործոններ Ադրբեջանում չկան։ Մենք առարկել ենք, ներկայացրել փաստական տվյալներ, որ այնտեղ գտնվողներն ունեն լրջագույն առողջական խնդիրներ, շարունակաբար ենթարկվում են մի վերաբերմունքի, որը կարող է անգամ անհամատեղելի դառնալ կյանքի, կյանքի իրավունքի հետ։ Ապրիլին դատարանը մերժել էր Ադրբեջանի կառավարության միջնորդությունը, հաշվետվություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել օգոստոսի 31-ը։  Կանխատեսում ենք, որ աշնանը կծանոթանանք նոր տեղեկությունների։ Ի տարբերություն դատարանի նախորդ որոշումների, այս դեպքում հստակ մատնանշված է, որ պետք է տրամադրվի դատավճիռների պատճեները կամ քաղվածքներ, որոնք  կպարունակեն պատճաբանական մասը, բոլոր այն ապացույցները, որոնց վրա հիմնվել են մեղադրանքները։

Իմ գնահատմամբ, դատարանի նման որոշումը խթան է, որպեսզի ադրբեջանական իշխանություններն ապահովեն դատավճիռները՝ մեղադրյալներին տրամադրելու իրենց պարտականությունը։ Հույս ունենք, որ որոշ ժամանակ անց կունենանք դատավճիռները,  դրանց վերլուծության արդյունքում կկարողանանք նաև բովանդակային շատ խնդիրներ վեր հանել»,- ասաց Ս. Սահակյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ ադրբեջանական կողմը հայ գերիներին չի տրամադրում իրենց դատավճիռները, իրավապաշտպանն ասաց. «Ինձ թվում՝  երկու պատճառով. նախ դրանով հետաձգում է հարցի միջազգայնացումը, քանի որ դատավճիռներին ծանոթանալով, նաև դրանք բովանդակային առումով կարող են բողոքարկվել  միջազգային ատյաններ, երկրորդ՝ կարծում եմ, որ այդ դատավճիռներն անմիջական պատրաստ չեն եղել, նախ հրապարակվել է ելքը, որից հետո պատճառաբանությունները հարմարացվում են հայտարարված մեղադրական դատական ակտերին։ Նրանք ուղղակի պատրաստ գրված փաստաթղթեր չունեն, ժամանակ է  անհրաժեշտ հասկանալու,  թե ինչպես են այդ դատավճիռները հիմնավորում,  որպեսզի կարողանան նաև միջազգային ատյաններում այդ թեզերը պաշտպանել»։

Նա ասաց, որ այժմ հայ գերիների հեռախոսազանգերն ընտանիքի անդամների հետ ապահովում են հենց քրեակատարողական հաստատությունները, ինչպես ապահովում են ադրբեջանցի դատապարտյալների զանգերը։ 2023 թվականին գերեվարվածները շաբաթը մեկ կարճատև զանգի հնարավորություն ունեն, իսկ ավելի վաղ ժամանակահատվածում գերեվարվածներն ու դատապարտվածները՝ ամիսը մեկ։

«Բնականաբար, այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքվի «Ումբակի» ՔԿՀ, կարող ենք ենթադրել, որ մյուս գերիները՝ ևս. Սիրանուշ Սահակյան