Վկաները դատարանում հայտարարեցին՝ Խաչիկ Գալստյանին չեն ճանաչում
Իրավունք
14:20 14/05/2026
Հայաստան

Վկաները դատարանում հայտարարեցին՝ Խաչիկ Գալստյանին չեն ճանաչում

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նիստում հարցաքննվեց վկաներից Ռուզաննա Թոսունյանը։

Նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, ինչին ի պատասխան դատախազն առաջարկեց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը հրապարկել։ Ցուցմունքի մեջ քննիչը հրապարակում է երկու գաղտնալսված հեռախոսազրույց, որտեղ խոսվում է գումարի մասին։ Թոսունյանը հարցաքննության վերջում ասում է, որ խոսքը գնում է ընտրարշավի ժամանակ կատարած քարոզչական աշխատանքի, մասնավորապես բուկլետներ բաժանելու, դիմաց վարձատրության մասին, բայց այդպես էլ չի ստացել։ 

Պատասխանելով Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանի հարցին, Թոսունյանն ասաց, որ ինքը ինչ-որ մեկին ընտրելու համար չի վարձատրվել, և  որևէ մեկին գումար չի առաջարկել որևէ մեկին ընտրելու համար։

Խաչիկ Գալստյանը հարցրեց՝ արդյո՞ք իրեն ճանաչում է, վկա Թոսունյանն ասաց, որ ճանաչում է միայն թեկնածու Խաչիկ Մանուկյանին։ Վկան պատասխանեց, որ երբևէ չի տեսել և չգիտի, թե ով է Խաչիկ Գալստյանը։ 

Երկրորդ վկա Ազնիվ Ղուկասյանը նույնպես ասաց, որ Խաչիկ Գալստյանին և գործով անցնող  Արամ Քոչարյանին չի ճանաչում։ Նրա ցուցմունքը կկարդան արդեն հաջորդ դատական նիստին, որը կկայանա հունիսի 9-ին։ 

Հիշեցնենք, որ դատարանը չթույլատրեց վկաների հարցաքննությունը հեռարձակել ուղիղ եթերով: 

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց, որ վկաները հայտարարել են՝ Խաչիկ Գալստյանին չեն ճանաչում:

«Առաջին վկան իր ցուցմունքով պնդեց, որ Խաչիկ Գալստյանը և Արամ Քոչարյանը որևէ հանցավոր արարք չեն արել: Երկրորդ վկան հրաժարվեց ցուցմունք տալ, հարցերին պատասխանեց, բայց ես միջնորդեցի որպեսզի հրապարակվի հարցաքննության տեսաձայնագրությունը: Այնտեղ կան հանգամանքներ ճնշման մթնոլորտի հետ կապված, որն ինձ համար տեսանելի է»,- ասաց Ա. Բաբայանը:

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։  

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Խաչիկ Գալստյանը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում (այսուհետ՝ Ընտրություն) «Հայրենիք» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, Ընտրությանը Կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:

Արամ Քոչարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում (այսուհետ՝ Ընտրություն) «Հայրենիք» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) տարածքային շտաբի պետ Խաչիկ Սամվելի Գալստյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, Ընտրությանը Կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder