Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարզվում է՝ մեզ գյուղնախարարություն պետք չեն, ընդամենը պետք է դիմել վարչապետին, ինքը և՛ կսուբսիդավորի, և՛ արտաքին շուկաներ կգտնի. Թաթուլ Մանասերյան
ՌԴ-ի համապատասխան կառույցները վերջին ժամանակահատվածում օր ու մեջ արգելում են հայկական գյուղմթերքի ներմուծումը ՌԴ։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե արդեն հայկական պատվիրակություններ է ուղարկել տարբեր ուղղություններով՝ գյուղմթերքն այլ երկրներ արտահանելու համար և, որ կսուբսիդավորի փչացող ապրանքը ու նոր շուկաներ կգտնի։ Քարոզչության ընթացքում, այդ խոստումից արդեն 2 ժամ անց, Փաշինյանը նոր հայտարարություն արեց, թե արդեն հայկական վարդերն այլ երկրներ է ուղարկել, բայց չի ասի, թե որ, մինչև տեղ չհասնեն։ Panorama.am-ը տնտեսագիտության դոկտոր- պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի համար ինչ է նշանակում ԵԱՏՄ-ի շուկայի կորուստը և արդյոք եվրոպական շուկան կարող է ընդունել հայկական ապրանքը։
Թ. Մանասերյան-Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մի քիչ հաճախ պետք է մեր մոտ ընտրություններ կազմակերպվեն, հրաշքներ են տեղի ունենում։ Ասենք, այն, ինչը որ տարիների ընթացքում չի ստացվում, հանկարծ 1-2 օրում անմիջապես ստացվում է։ Երկրորդ փոփոխությունը, որ կարող են անել՝ պարզվում է, որ կառավարություն պետք չէ ձևավորել, համապատասխան կառուցվածքներ՝ նույնպես։ Օրինակ՝ գյուղնախարարությունը և մյուսները պետք չեն, ընդամենը պետք է դիմել վարչապետին և բոլոր հարցերը կկարգավորվեն, ինքը և՛ կսուբսիդավորի, և՛ արտաքին շուկաներ կգտնի։ Այսինքը՝ բոլոր հարցերով իրեն պետք է դիմել։ Դա բոլոր հարցերի բավականին հետաքրքիր լուծում է և սա նշանակում է, որ մենք իզուր ենք 8 տարի ինստիտուցիոնալ լուրջ փոփոխությունների ակնկալիք ունեցել։
Պարզվում է, որ միայն նախընտրական փուլը բավարար է, որ թոշակներն էլ բարձրանան և այլն։ Սա է իմ տպավորությունը։
Իսկ եթե ավելի լուրջ՝ ԵԱՏՄ-ն արդեն 11 տարի է, ինչ գոյություն ունի և բավական դժվար ճանապարհ է անցել՝ Մաքսային միությունից մինչև այսօրվա վիճակը և դեռ բավական զարգացման փուլեր կան անցնելու։ Խնդիրն այն է, որ որևէ այլ ձևաչափով ՀՀ-ն նման արտոնություններ չի ստացել։ Բազմաթիվ վիճակագրական տվյալներ կարելի է բերել, բայց ամենատպավորիչներից մեկն այն է, որ 10 տարվա ընթացքում 12 անգամ ավելացել է արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ։ Նման ցուցանիշ, ես որքան էլ որոնում եմ համաշխարհային տնտեսության մեջ, չեմ կարողանում գտնել։ Ոչ թե 10%, 12%, այլ՝ 12 անգամ։
Կորցնե՞լ այդ շուկան, որտեղ հայկական ապրանքները սպառողին ծանոթ են, հայ արտադրողները արտոնություններից են օգտվում... Կարծում եմ, որ, իհարկե, ի հեճուկս որոշ երկրների, եվրոպականները կարող են նման կարճաժամկետ քայլեր անել, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ հայկական ապրանքների համար սպառման նոր շուկաներ կան, բայց մասնագետները շատ լավ հասկանում են, որ եվրամիությունում, անգամ ԵՄ երկրները՝ Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները իրենք տեղական արտադրությունը զարգացնելու և արտադրանքը սպառելու խնդիրներ ունեն, ուր մնաց ՀՀ-ի՝ եվրոպացիների համար անծանոթ ապրանքը։ Չխոսելով արդեն, կոնյակի մրցակից ֆրանսիայի մասին, նման պատրանքներ չեն կարող լինել, որ մրցակից երկրում հայկական կոնյակ սպառվի։ Եվ այսպես կարելի է անվերջ շարունակել։
Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն ազնիվ չեն ոչ միայն ՌԴ-ի հետ, այլ նաև հենց եվրոպացիների հետ, որովհետև 2017 թվականից ստորագրված ՍԵՊԱ համաձայնագրի ուղղությամբ մինչ օրս ներկայիս իշխանությունները որևէ քայլ չեն արել դրա իրագործման ուղղությամբ․ Դեկլարատիվ խոսակցություններից այն կողմ, իրականում, Եվրոպայի հետ հարաբերությունները չեն զարգանում, ներմուծում-արտահանումները կրճատվում են։ Հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից, էն, ինչը որ ցանկալի չէ ներկայիս իշխանությունների համար, դեպի Ռուսաստան և այնտեղից Հայաստան ապրանքաշրջանառությունն աճում է։ Երևի այպես են պատկերացնում դիվերսիֆիկացիան, այսինքը՝ հենց ասում են «դիվերսիֆիկացիա» այդ ընթացքում կախվածությունը շատ անգամներով ավելանում է։
Panorama.am-Նիկոլ Փաշինյանը նախորդ օրն առավոտյան հայտարարեց, թե մի քանի պատվիրակություններ է ուղարկել արտերկիր հայկական գյուղմթերքի խնդիրը լուծելու համար։ Արդեն մի քանի ժամ հետո Թուրքիայի հայալեզու պարբերականը տեղեկատվություն տարածեց, որ տեղի է ունեցել հայ-թուրքական գործարարների համաժողով-հանդիպումը։ Թուրքիայի շուկան հնարավո՞ր է դիտարկել այս համատեքստում։
Թ. Մանասերյան-Իհարկե... Մեր բարեկամներն են, չէ՞, մենք ինչու ենք մոռանում։ Դարավոր մեր «հավատարիմ», «հուսալի», «վստահելի» բարեկամներն են, իրենք պատրաստ են գիշերվա ժամը 3-ին էլ նման հանդիպումներ-քննարկումներ կազմակերպել և որոշումներ կայացնել, որովհետև նման առիթը չի կարելի բաց թողնել։ Ողջ հայոց պատմության մեջ, Հայաստանի ներկայիս վարչակազմի և նրա ղեկավարի նման «նվեր» թուրքերին դժվար թե երբևէ լինի։ Բնականաբար, ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանության, թուրքերը շատ լավ հասկանում են իրենց ազգային շահերը և հետևողականորեն ամեն ինչ անում են, դրան հասնելու համար։