Դեմքից կարողացել եմ միայն ճանաչել Միշա Դումիկյանին, այրված է եղել մասնակի. Ազատի հրդեհի գործով մեղադրյալ
Իրավունք
17:57 12/06/2026
Հայաստան

Դեմքից կարողացել եմ միայն ճանաչել Միշա Դումիկյանին, այրված է եղել մասնակի. Ազատի հրդեհի գործով մեղադրյալ

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Գոռ Մարգարյանն ընթերցեց իր ցուցմունքը։

Նա նշեց, որ 2023 թ. հունվարի 18-ին  զորամասի հրամանատարի թույլտվությամբ բացակայել է ծառայության վայրից, առավոտից գտնվել է  Երևանում՝ «Արմենիա» ԲԿ-ում, կնոջ առողջական խնդիրների հետ կապված։ Վարդենիս է վերադարձել ժամը 22.00-23.00-ին, դեպքի մասին տեղեկացել է օրվա հերաթապահի հեռախոսազանգից, երբ կնոջ հետ արդեն գտնվել է Վարդենիսում վարձակալած բնակարանում։ Օրվա հերթապահը հայտնել է, որ կացարանում հրդեհ է, տունը այրվում է, տղերքը ներսում են, իրենք 5 հոգով դրսում են։

«Ես անմիջապես հարցրեցի, թե ով է պատասխանատուն՝ նպատակ ունենալով հասկանալ, թե պատասխանատու անձն արդյոք դրսում է, ինչ միջոցներ է  ձեռնարկել անձնակազմի տարհանման, հրդեհի մարման համար։ Նա միայն ասաց, որ՝ ախպեր սաղ տունը չկա»,-  պատմեց Գ.Մարգարյանը։

Նա փորձել է զանգել օրվա պատասխանտու կապիտան Եղիշե Հակոբյանին, մյուս զինծառայողներին, սակայն պատասխանող չի եղել։ Զանգահարել է հրշեջ ծառայություն, որտեղից փոխանցել են, որ կանչն արդեն գրանցված է։

«Ես իմ անձնական մեքենայով գնացի, Սոթք գյուղ չհասած կրակը նկատելի է եղել։ Տեղ եմ հասել ժամը 1.45-ին, հրշեջներն արդեն այնտեղ էին, մարում էին կրակը։ Կացարանն այրվում էր, ես չկարողացա մտնել ներս, մոտենալն անհնար էր։

Կոնկրետ չեմ հիշում թե ով, բայց զինծառայողներից մեկն ասաց, որ օրվա պատասխանտու Եղիշե Հակոբյանը 5 լիտրանոց բենզինի տարայից ուզել է բենզին լցել վառարանի մեջ, բռնկվել է տարան, ձեռքն արվել է, տարան նետել է հատակին, դուրս է փախել կացարանից։

Դեպքի օրը ինձ մանրամասներ պատմեց առաջիններից կացարան հասած Տիգրան Ղազարյանը։ Նա ասաց է, որ մինչև իմ դեպքի վայր հասնելը, հանդիպել է Եղիշե Հակոբյանին, ով ասել է որ ինքն է մեղավոր, զենք է ուզել, որ իրեն խփի, եղել է այրվածքներ ստացած վիճակում։

Փորձել եմ ճանաչել կացարանից դուրս բերած զինծառայողների մարմինները, դեմքից միայն կարողացել եմ ճանաչել Միշա Դումիկյանին,  այրված է եղել մասնակի»,- պատմեց Գ. Մարգարյանը։ 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

Մեղադրական եզրակացության համաձայն. Գոռ Գեղամի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնը և պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար: Սակայն Գոռ Մարգարյանի կողմից իր պարտականությունները չեն կատարվել, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի կացարանի վառարանի՝ Եղիշե Հակոբյանի կողմից ավտոբենզինով վառելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը, Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեմքից կարողացել եմ միայն ճանաչել Միշա Դումիկյանին, այրված է եղել մասնակի. Ազատի հրդեհի գործով մեղադրյալ