Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճգնաժամը սրվում է այն փաստով, որ բռնկումը պայմանավորված է Էբոլայի հազվագյուտ Բունդիբուգյո շտամով
Համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի` 2026 թվականի հունիսի 23-ի դրությամբ Բունդիբուգյո վիրուսի Էբոլայի բռնկումը տարածվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում։
Հունիսի 22-ի տվյալներով ԿԴՀ-ում արձանագրվել է 1048 հաստատված դեպք, այդ թվում՝ 267 հաստատված մահվան դեպք և 371 հոսպիտալացված անձ (հունիսի 21-ի դրությամբ)։ Վերջին զեկույցը ներառում է 45 նոր հաստատված դեպք և 13 նոր մահվան դեպք հունիսի 20-ի վերջին թարմացումից ի վեր։
Իտուրին ամենատուժած նահանգն է՝ 954 հաստատված դեպքով, Հյուսիսային Կիվուն ունի 91 հաստատված դեպք, իսկ Հարավային Կիվուն՝ 3 դեպք:
Հունիսի 23-ի դրությամբ Ուգանդան հայտնել էր ընդհանուր առմամբ 20 հաստատված դեպքի մասին, այդ թվում՝ 2 մահվան դեպքի։ Առողջապահության մարմինների տվյալներով՝ հաստատված դեպքերից 5-ը տեղական փոխանցման դեպքեր են եղել, իսկ 15-ը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ ճանապարհորդական կապերի միջոցով։
Նույն աղբյուրի համաձայն, Եվրոպական Միության/Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏՀ) տարածքում բնակվող մարդկանց շրջանում վարակի հավանականությունը գնահատում է շատ ցածր։
Կոնգոյում արագ տարածվող Էբոլա վիրուսի բռնկումը վարակել է տասնյակ բուժաշխատողների։
Ըստ հունիսի 19-ի Ռոյթերսի տարածած հաղորդագրության` համաճարակի սկզբից Կոնգոյում Էբոլայով վարակվել է 75 բժիշկ և նրանցից 17-ը մահացել է։
«Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ ճգնաժամը սրվում է այն փաստով, որ բռնկումը պայմանավորված է Էբոլայի հազվագյուտ Բունդիբուգյո շտամով, որի դեմ ներկայումս հաստատված պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա: Շատ բժիշկներ վարակվել են 2026 թվականի մայիսի 15-ին բռնկման պաշտոնական հայտարարությունից շատ առաջ անհատական պաշտպանիչ միջոցների լուրջ պակասի պատճառով։