Ինչքան էլ մենք մեր ռեհանը սիրենք, Եվրոպայի համար պետք է կանաչ բազիլիկ արտադրենք. Պիպոյանը՝ ագրարային քաղաքականության բացակայության հետևանքների մասին
Տնտեսություն
15:24 01/07/2026
Հայաստան

Ինչքան էլ մենք մեր ռեհանը սիրենք, Եվրոպայի համար պետք է կանաչ բազիլիկ արտադրենք. Պիպոյանը՝ ագրարային քաղաքականության բացակայության հետևանքների մասին

««Ուռա᷉ հայրենասիրություն» գոչելով մենք հիմնական խնդիրները թողնում ենք օրակարգից դուրս»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում իշխանությունների՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած հայտարարություններին հետևած արտահանման սահմանափակումներին ու դրանց հետևանքներին։

Նա հիշեցրեց, դեռ 2019-ին թվականին ինքն ու այլ փորձագետներ դեմ էին արտահայտվում գյուղատնտեսության նախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ միավորելու նախաձեռնությանը։

«Էկոնոմիկայի տրամաբանությունն այն է, որ ոչ ձեռնտու ոլորտներում ներդրումներ չանես, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտում լրիվ հակառակն է, դու, իմանալով, որ այդտեղ ներդրումը ձեռնտու չէ, բայց հանուն պարենային ապահովության, պետք է այդ ներդրում կատարես։ Հենց ագրարային քաղաքականության բացակայության հետևանք է, որ իրական, մտածված ծրագրեր մենք չունենք։ Ինչո՞ւ եմ նման կոշտ ու խիստ որակում տալիս, քանի որ մեր երկրում նույնկերպ են ֆինանսավորում և եկամտաբեր, և ոչ եկամտաբեր ուղղությունները»,-ասաց փորձագետը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտադրում են գյուղացիական այնպիսի ապրանքներ, որը, կարող է պարզվի, որ մեր երկրին ընդհանրապես պետք չեն։

«Օրինակ, ինչի՞ց ենք որոշել, որ մեր երկրին այդան ծաղիկի ջերմոց էր պետք, ի վերջո, դա ռուսական շուկայի համար էր, չէ՞։ Եթե մարդը որոշել է առկա ռիսկերով իր համար բիզնես անել, պետությունը պե՞տք է դրա տակ մտներ, թե՞ չէ։ Մենք ձկնաբուծություն ենք զարգացրել, արտադրանքը մեծ ծավալների ենք հասցրել, բայց ակնհայտ է, որ դա էլ մեր շուկայի համար չէ, դա էլ էր արտահանման նպատակով։ Մարդիկ ինքնուրույն բիզնես են սկսել, հիմա էլ պրոբլեմի հետ մենակ են մնացել»,-նշեց ՀԿ նախագահը։

Խոսակցությունները, հիացական հայտարարությունները Եվրոպա մի քանի կգ ապրանքի արտահանման շուրջ, Պիպոյանի գնահատմամբ, շոու է, մինչդեռ ագրարային քաղաքականությունը լրիվ այլ բանի մասին է։

«Մենք պետք է ոչ միայն դիվերսիֆիկացնենք շուկան, այլև մեր արտադրատեսակը։ Բերեմ մի օրինակ, ինչքան էլ մենք մեր ռեհանը սիրենք, Եվրոպայի համար պետք է կանաչ բազիլիկ արտադրենք, այսինք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է պետք դրսի շուկային։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում ծաղիկն արտադրվել է Ռուսաստանի շուկայի համար, մեր տնտեսությունն  ի սկզբանե կախված է եղել Ռուսաստանից։ Երբ շատերը մեղադրում են Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ քայլերի համար, ես մի բան էի առաջարկում, եկեք տեսնենք՝ այս իշխանութունը Ռուսաստանից կախվածությունը մեծացրե՞լ է, թե՞ փոքրացրել։ Չես կարող դու մեկից մեծացնես կախվածությունդ, տնտեսությունդ դարձնես կախյալ ու հետո խոսես անկախության մասին»,-ընդգծեց Պիպոյանը։

Նրա խոսքով, երբ մասնագիտական մոտեցում պահանջող ոլորտում ոչ մասնագիտական քայլեր են անում, արդյունքն այս պետք է լինի. «Մոտավորապես նույն բանն է, որ մարդն ինժեներ չլինի ու որոշի ռոբոտ սարքել, կարա՞։ Իհարկե, չի կարա։ Իրենց թվում  է, որ ագրարային քաղաքականությունը կարող են վարել իրենց տրամաբանությամբ։ Պետության համար բարձր եկամտաբերություն ու ցածր եկամտաբերություն ունեցող ուղղություններտը չեն կարող տարանջատված չլինել, մինչդեռ մեզ մոտ տարանջատված չեն»։

Նրա խոսքով, պետությունը պետք է որոշի, թե որ ուղղությունն է զարգացնում, և ըստ այդմ, մշակի պետական ծրագրերը։

«Ենթադրենք, որոշում են զարգացնել գինեգործությունը, հետևաբար մեր խաղողի այգիները պետք է դառնան գյուղատնտեսական ծրագրերի մաս։ Եթե որոշել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե գինեգործությունն է, այլ պարենային ապահովությունը, ուրեմն պետական ծրագրերը պետք է ուղղված լինեն ցորենի մշակությանը։ Այսինքն, պետք է ունենանք ռազմավարություն ու առաջնահերթույուններ, հա, թղթի վրա, ինչ-որ բան գրել-դրել են, բայց այդ գրածը դեռ պիտի հասկանան, չէ՞»,-ասաց սպառողների իրավունքների պաշտպանը։

Նրա խոսքով, այս պահին պետության ագրարային քաղաքականության բացակայության հետևանքով հիմնական տուժողը գյուղացին է, իսկ ոլորտում բարձիթողի վիճակը հենց դրա հետևանք է։ Հիմա երբ Հայաստանում աճեցված ծաղիկները, պտուղ-բանջարեղենը, միրգը, ձուկը հայտնվել են ռուսական սահմանափակումների ներքո, տարատեսակ խոսակցություններ կան, որ դրանք հարևան երկրների միջոցով հասնում են ռուսական շուկա՝ տվյալ երկրի արտադրանքի անվան տակ։ Արդյունքում ուրիշներն ավելի մեծ օգուտներ են ստանում, դրանից, քան հայ գյուղացին ու ֆերմերը։ Պիպոյանին էլ են հասել նման լուրեր։

«Այս պարագայում տեղափոխման ծախսերն ավելանում են, արդյունքում հայ գյուղացուց ապրանքն առնում են ավելի էժան, որպեսզի կարողանան մրցունակ գնով վաճառել։ Էլի եմ կրկնում, ագրարային քաղաքականություն չի կարելի չունենալ, չի կարելի բիզնեսին ասել, չեք համապատասխանում ստանդարտներին։ Իսկ դուք ի՞նչ եք արել որպես պետություն, որ բիզնեսը ստանդարտին համապատասխանի։ Երբ փորձ են անում խնդիրները նեկայացնել ոչ քաղաքական լույսի ներքո ու նշում են, բա գիտե՞ք, կարանտին վնասատու կա, անվտանգության հարցեր կան, հիշեցնեմ, երբ մենք հայտարարում էինք, որ վնասատուների դեմ պետք է պայքարել, ո՞ւր էին, թե հույսները միշտ պետք է դնեն դիմացի կողմի բարեհաճության վրա։ Կարանտին վնասատուի առկայությունը գյուղացու ու ֆերմերի մեղքը չի։ Էլի եմ կրկնում, երբ դանակը ոսկորին է հասնում, միշտ կարելի է ինչ-որ բաներ անել, լուծում գտնել։ Բայց որևէ տնտեսական ազդակ, լծակ չպետք է բերի նրան, որ մենք Հայաստանի համար շատ կարևոր ստրատեգիական որոշումներում զիջումների գնանք։ Դրա համար մենք պետք է ոչ թե պաթոսով հայտարարել, ոչինչ մենք սա էլ կհաղթահարենք, այլ իրական քայլեր պետք է անեն, որը չի արվում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder