Էբոլայի դեպքեր են գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ևս երկու նահանգում
Առողջություն
22:00 13/07/2026
Աշխարհ

Էբոլայի դեպքեր են գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ևս երկու նահանգում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկումը տարածվել է ևս երկու հյուսիսարևելյան նահանգներում՝ Վերին Ուելեում և Չոպոյում։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը՝ իր վերջին զեկույցում։ Կիրակի երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 1926-ի, գրանցվել է 702 մահվան դեպքի։ Շաբաթ օրվա դրությամբ Չոպոյում գրանցվել է չորս դեպք, որոնցից երկուսը՝ մահվան ելքով, իսկ Վերին Ուելեում արձանագրվել է մեկ մահվան դեպք։

Էբոլայի վերջին բռնկման մասին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտարարվել է մայիսի 15-ին։ Այն հիմնականում կենտրոնացած էր Իտուրի նահանգում, սակայն դեպքեր են արձանագրվել նաև Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում։

Էբոլան հաճախ մահացու վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է վարակված մարդկանց կամ կենդանիների մարմնական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Հիվանդությունը կարող է առաջացնել բարձր ջերմություն, փսխում, ինչպես նաև ներքին և արտաքին արյունահոսություն։

Հունիսի վերջին Կոնգոյի առողջապահական մարմինները սկսել են հետևել Չոպոյում և Վերին Ուելեում Էբոլայով վարակվելու հավանականություն ունեցող մարդկանց։ Մինչ այդ երկու նահանգները չէին ներառվել կառավարության ամենօրյա զեկույցներում։

«Չնայած ներկայիս հետաքննությունները ցույց են տալիս, որ այս երկու նահանգներում հայտնաբերված բոլոր դեպքերը հիմնականում եկել են Իտուրի նահանգից, անհրաժեշտ և նպատակահարմար է այս երկու նահանգները համարել համաճարակի գոտի», - նշվում է Հանրային առողջության ազգային ինստիտուտի հուլիսի 11-ի զեկույցում։

Չոպոյի նահանգային կենտրոնը Կիսանգանին է՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկը։ Վերին Ուելեն սահմանակից է Հարավային Սուդանին և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ հայտնել էր, որ բռնկման իրական մասշտաբները կարող են լինել պաշտոնական տվյալներից երկու-չորս անգամ ավելի մեծ, քանի որ Էբոլայի հինգ նոր դեպքերից չորսը որևէ կապ չունեն արդեն հայտնի հիվանդների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder