ԲԴԽ-ն նախազգուշացում հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանին
Իրավունք
16:38 21/07/2026
Հայաստան

ԲԴԽ-ն նախազգուշացում հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանին

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ հայտարարելով նախազգուշացում:

Վարույթը հարուցվել էր քաղաքացի Էդգար Ղազարյանի բողոքի հիման վրա: ԲԴԽ-ն պարզաբանեց, որ խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանը դեմ է քվեարկել որոշմանը և ներկայացրել է հատուկ կարծիք, որը օրենքով սահմանված կարգով կհրապարակվի որոշման հետ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Աշոտ Հայրապետյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով Կարեն Ֆարխոյանի հետ երկար տարիների ընկերական հարաբերությունները։ Միջնորդությունը խորհուրդը բավարարել էր:

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանի փոխանցմամբ էլ՝ դատավորը սահմանված ժամկետից 3 ամիս 26 օր ուշ է ուղարկել որոշումը, ինչը պատշաճ վերահսկողության բացակայության և ողջամիտ ժամկետում գործի քննության ու լուծման վարքագծի կանոնի խախտում է:

Իր հերթին դատավոր Ֆարխոյանը նիստի ընթացքում ներկայացրել էր 2025 թվականի դեկտեմբերին և 2026 թվականին քննվող գործերի գրաֆիկը՝ ընդգծելով, որ օրական քննում է 5-6 բարդ գործ, որոնցից որոշներով առկա են 8-15 մեղադրյալներ: Նա նշել էր, որ նիստերը սկսվում են առավոտյան 9:30-ին, իսկ խափանման միջոցների քննության պատճառով ստիպված է լինում դատական ակտեր կայացնել անգամ գիշերվա ժամերին, ինչի հետևանքով ֆիզիկապես հնարավոր չի լինում ավելի շատ հսկողություն իրականացնել փաստաթղթերի ժամանակին ուղարկելու նկատմամբ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԲԴԽ-ն նախազգուշացում հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանին