302,411 «գրանցված աշխատատեղ»-ը և «նոր աշխատատեղ»-ը նույն բանը չեն. Աղասի Թավադյան
Տնտեսություն
17:20 24/07/2026
Հայաստան

302,411 «գրանցված աշխատատեղ»-ը և «նոր աշխատատեղ»-ը նույն բանը չեն. Աղասի Թավադյան

«Հուլիսի 22-ին հրապարակվեց այս տարվա թերևս ամենագեղեցիկ տնտեսական թիվը. ինը տարում Հայաստանում ավելացել է 302,411 գրանցված աշխատատեղ՝ 527,337-ից հասնելով 829,748-ի։ Թիվն իրական է. պաշտոնական տվյալների բազան հաստատում է այն։ Գրում է tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը։

«Բայց «գրանցված աշխատատեղ» և «նոր աշխատատեղ» նույն բանը չեն։ Բանվորը, որը տասը տարի աշխատում է շինհրապարակներում, բայց անցյալ տարի առաջին անգամ աշխատանքային պայմանագիր է ստորագրել, վիճակագրության համար նոր աշխատատեղ է։ Փաստացի բանվորի համար՝ ոչ։ Հենց այս տարբերության մեջ է նաև 300,000-ի պատմությունը։ Մենք վերլուծել ենք, թե ով է ստացել բարձրացած աշխատավարձերը, որտեղ բացվեցին նոր աշխատատեղերը, և որքանն է դրանցից իրապես նոր։

Աշխատատեղերի աճի պատկերն առանց աղյուսակների

Պաշտոնական տվյալների բազան ցույց է տալիս, որ 2018 թվականի հունվարին գրանցված էր 509,934 աշխատող։ 2025-ի դեկտեմբերին թիվը հասավ պատմական գագաթնակետին՝ 821,470-ի, այսինքն՝ ավելի քան 311,000 աշխատատեղի հավելաճ։ Նույն ընթացքում աճել է նաև միջին աշխատավարձը, և գծապատկերում երկու կորերը գրեթե մեկ տասնամյակ զուգահեռաբար աճ են գրանցում։

Այս աճը երևում է նաև առանց վիճակագրության՝ Երևանի նոր գրասենյակային շենքերում ու լցված սրճարաններում։ Պաշտոնական հաղորդագրություններում թվերը պարբերաբար ներկայացվում են որպես ռեկորդ, և դա ճիշտ է. գրանցված զբաղվածությունն իրոք երբեք այսքան բարձր չի եղել։ Մնում է հասկանալ, թե ինչից է այդ ռեկորդը կազմված։

Հարևանների դժբախտությունների ալիքները

2022 թվականի փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկան և՛ կապիտալը, և՛ մարդիկ։ Տրամաբանական էր սպասել աշխատատեղերի կտրուկ աճ։ Տեղի ունեցավ այլ բան. 2022-ին և 2023-ին միջին աշխատավարձի տարեկան աճը գերազանցեց 20%-ը, մինչդեռ գրանցված զբաղվածությունն ավելացավ ընդամենը մոտ 5%-ով։ Ներհոսած փողը հիմնականում բարձրացրեց արդեն աշխատող մարդկանց վարձատրությունը, առաջին հերթին ՏՏ և ֆինանսական ոլորտներում, որոնց աշխատավարձը 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։

Ռուսական ալիքը միակը չէր։ 2022 թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմն էր, 2023-ից 2024-ի կեսը ոսկու վերաարտահանումն էր ՌԴ-ից։ Եվ վերջին ալիքը, որը կարճաժամկետ էր, Իրանից եկած ալիքն էր, որը բերեց նաև 2025 թվականի 7.2%-անոց տնտեսական աճը։ Այս ազդակների ընդհանրությունն այն է, որ բոլորը ծնվել են մեր հարևանների դժբախտություններից և մեզնից կախված չեն։ Ալիքները նահանջում են, ինչը երևում է թվերում. 2026-ի կեսերին աշխատավարձերի տարեկան աճը 3.6% է, զբաղվածությանը՝ 2.9%։

Հատկապես Երևանում, հատկապես կենտրոնում

Նոր աշխատատեղերի հասցեն գրեթե միշտ նույնն է։ 2018-ից ի վեր գրանցված զբաղվածության զուտ հավելաճի 79%-ը՝ մոտ 192,000 աշխատող, բաժին է ընկնում Երևանին։ Աշխատավարձի ֆոնդի 80%-ից ավելին այս պահին գրանցված է Երևան քաղաքում։ Եթե համեմատենք 2018 թ․-ի հետ, այդ թիվը 72% էր։ Աճը կուտակվել է ՏՏ ոլորտի, ծառայությունների և բանկային հաստիքների հաշվին, որոնք կենտրոնացած են հատկապես Երևանում և հատկապես կենտրոնում։

Մինչդեռ Գեղարքունիքում, Արագածոտնում, Շիրակում և Տավուշում գրանցված մասնավոր զբաղվածությունը մնում է ցածր, և այստեղ պետությունը շարունակում է լինել գլխավոր գործատուն։ Հենց այս չորս մարզերի համար ենք նախկինում առաջարկել թիրախային հարկային արտոնություններ՝ տեղական բիզնեսը ստվերից դուրս բերելու և մասնավոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար։

2018 թվականից ի վեր ստեղծված յուրաքանչյուր հինգ նոր աշխատատեղից չորսը բաժին է ընկնում Երևանին։

Մարդիկ նույնն են, գրանցումը՝ նոր

Վերադառնանք բանվորին։ Երբ նա պայմանագիր ստորագրեց, վիճակագրությունն արձանագրեց նոր աշխատատեղ։ Բայց նա նույն շինհրապարակում նույն գործն է անում. փոխվեց միայն այն, որ այժմ նա երևում է պետությանը։

Այս իրողությունը զանգվածային դարձավ «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ գործարարները, ոգեշնչված հեղափոխությամբ, սկսեցին գրանցել աշխատողներին և դուրս գալ ստվերային դաշտից։ Փաստացի այդ մարդիկ մեծ մասամբ նախկինում էլ աշխատում էին, պարզապես սկսեցին գրանցվել։ Երկրորդ խթանը եկամտային հարկի համահարթեցումն էր. 2020 թվականից հարկը դարձավ միասնական 23%, ապա տարեկան մեկ տոկոսային կետով իջավ՝ 2023-ին հասնելով 20%-ի։ Պարզ ու կանխատեսելի դրույքաչափի պայմաններում գրանցվելը դարձավ ավելի էժան, քան ստվերում գտնվելը։ 2024-ի մեր վերլուծությունը ցույց է տվել նաև հակառակ կողմը. եթե հարկային բեռը նորից ծանրանա, նույն մեխանիզմը կաշխատի դեպի ստվերի աճ։

Աշխատուժի հետազոտության տվյալները ցույց են տալիս երևույթի մասշտաբը։ 2018–2024 թվականներին ընդհանուր զբաղվածությունը, որը ներառում է նաև չգրանցված և ինքնազբաղված աշխատողներին, ավելացել է մոտ 128,000-ով։ Գրանցված աշխատատեղերը նույն ընթացքում աճել են ավելի քան 200,000-ով, իսկ գրանցված զբաղվածության մասնաբաժինը 53%-ից հասել է 65%-ի։ 300,000-ի զգալի մասը, այսպիսով, ոչ թե նոր ստեղծված աշխատատեղ է, այլ նախկինում չգրանցված աշխատողների պաշտոնական գրանցում։

Կա նաև հաշվառման մի նրբություն։ Ըստ Վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության՝ այս բազայում սկզբնական միավորը գործատուն է, ոչ թե աշխատողը, և թվաքանակը ներառում է նաև համատեղությամբ աշխատողներին [4]։ Այսինքն՝ երեք գործատուի մոտ գրանցված մեկ մարդը վիճակագրության համար երեք աշխատող է։

Չենք բացառում, որ վերջին շրջանի աճի մի մասն էլ ապահովում են Հնդկաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից ժամանած աշխատողները, որոնց վիճակագրությունն առանձին խումբ չի ներկայացնում։ Պետական հատվածի դերն այս աճում համեստ է. գրանցված զբաղվածության մոտ 28%-ը պետականն է, և հավելաճը գրեթե ամբողջությամբ ապահովել է մասնավորը։

Գրանցումից շահում են բոլորը. աշխատողն ստանում է սոցիալական պաշտպանություն, պետությունը՝ հարկային մուտքեր, տնտեսությունը՝ թափանցիկություն։ Պարզապես այս ամենի հետ մեկտեղ նոր աշխատատեղ չի ստեղծվում։

Ի՞նչ է մնում, երբ ալիքները նահանջում են

Աճի բոլոր շարժիչները ժամանակավոր էին, և դրանց թափն սպառվում է։ 2026-ի ընթացիկ տվյալներով տարեկան աճը մոտ 30,000 աշխատող է՝ նախորդ տարվա մոտ 35,000-ի դիմաց։ Սա պարզապես իներցիոն աճ է. տնտեսությունը դեռ առաջ է գնում, բայց նախորդ թափով, այլ ոչ թե նոր վառելիքով։ Աշխատողների պահանջարկ դեռ առկա է հիմնականում շինարարությունում և հարակից ոլորտներում՝ այնտեղ, որտեղ աշխատում է մեր բանվորը։

Մարող միտումների մոդելը, որն օգտագործում ենք նաև անշարժ գույքի շուկայի կանխատեսումների համար, առաջիկա երկու տարվա համար ցույց է տալիս մոտ 2% աճ՝ տարեկան միջինում մոտ 8,000 գրանցված աշխատատեղ։ Համեմատության համար՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում քաղաքական ուժերը խոստացել են տարեկան 25,000–60,000 նոր աշխատատեղ։ Խոստումների և իներցիայի միջև ընկած է երեքից յոթ անգամ տարբերություն, ինչը ցույց է տալիս նաև մեր կանխատեսումը։

Ո՞ր ցուցանիշին հետևել։ Աշխատավարձերի և զբաղվածության աճի տեմպերի ճեղքվածքին։ Քանի դեռ աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան աշխատողների թիվը, 2022-ի կապիտալի ներհոսքի ազդեցությունը դեռ գործում է։ Երբ երկու կորերը հավասարվեն ցածր մակարդակի վրա, ալիքն սպառված է։ Երկու ցուցանիշների ամբողջական շարքերը՝ ընդհանուր և ըստ ՏԳՏԴ ոլորտների, ամսական թարմացվում են tvyal.com/wages/trends էջում, իսկ ձեր անձնական աշխատավարձի դիրքն ընդհանուրի մեջ կարելի է ստուգել մեր tvyal.com/wages հաշվիչով։

Իսկ բանվորը շարունակում է աշխատել։ Այժմ նա ունի պայմանագիր, սոցիալական վճարներ և տող վիճակագրության մեջ։ Երեկվա ստվերային աշխատողն այսօր երևում է թվերում, և դա իրական առաջընթաց է։ Պարզապես դա նոր աշխատատեղ չէ»,-ասվում է հոդվածում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder