Փաշինյանի վերափոխումը. 2018-ին վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի, իսկ 2025-ին Կաթողիկոսի ընտրություն է նախաձեռնում
Քաղաքական
13:47 11/06/2025
Հայաստան

Փաշինյանի վերափոխումը. 2018-ին վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի, իսկ 2025-ին Կաթողիկոսի ընտրություն է նախաձեռնում

Նիկոլ Փաշինյանն անգերազանցելի է մի բան ասելու, հետո լրիվ հակառակն անելու գործում։ Օրինակ, հայտարարում է «Արցախը Հայաստանն է, և վերջ», հետո ստորագրում է Արցախն Ադրբեջանի կազմում փաստաթուղթ։ Նրա ստերի, խոսքի հակասությունների մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան։

Այս առումով բացառություն չէ նաև նրա՝ եկեղեցու վերաբերյալ  մոտեցումների 180 աստիճանով փոփոխությունը։

Օրինակ, 2018-ի հունիսի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ Գարեգին Բ-ն հեռացնելու վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց.

«Սիրելի հայրենակաիցներ, այս թեմաների վերաբերյալ ես իմ տեսակետն արդեն հայտնել եմ, այն չի փոխվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին և պետությունն անջատ են, պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ շարունակում եմ հետևել այս դիրքորոշմանը։ Համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին․ սա է իմ դիրքորոշումը»։

Հայտարարությունից ուղիղ 7 տարի անց՝ Փաշինյանը հայտարարել է Կաթողիկոսի նոր ընտրություններ նախաձեռնելու, այդ նպատակով համակարգող  խումբ ստեղծելու մասին։ 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»,-երեկ մասնավորապես գրել է Փաշինյանը։

Սրան նախորդել ու հաջորդել են Կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, զավակ ունենալու վերաբերյալ մեղադրանքներ։

Ինչո՞ւ փոխեց իր համոզմունքը, դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը, սեփական նախաձեռնությո՞ւն է, թե՞ թշնամի երկրից պարտադրանք, եկեղեցու բարձր վարկանիշից վա՞խն է, թե՞ «բռնազավթված Արցախ» հայտարարության համար վրեժխանդրությունը...

Այս հարցերին տրվել են ու դեռ կտրվեն հիմնավոր պատասխաններ։ Իսկ իրականությունն այն է, որ մարդիկ Փաշինյանի գրառումների ներքո  հիշեցնում են պետությանը, հայրենիքին հասցված վնասները, նրա հակաօրինական արարքները, ծաղրում, վիրավորում, երբեմն էլ հայհոյում են ու անիծում՝ ցույց տալով, որ դեմ են նրա իշխանությանը, գործողություններին, քայլերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի վերափոխումը. 2018-ին վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի, իսկ 2025-ին Կաթողիկոսի ընտրություն է նախաձեռնում