Այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ ՝ հաղթական. Սամվել Կարապետյանի եղբորորդի
Քաղաքական
00:13 19/06/2025
Հայաստան

Այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ ՝ հաղթական. Սամվել Կարապետյանի եղբորորդի

«Դատարանի որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ ՝ հաղթական»,- դատարանի որոշումից հետո հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ մարդիկ այս մեկ անգամը սխալ հաշվարկ են արել. «Ոնց որ՝ չի կպնելու»։

«Բոլորիս մաղթում եմ հետևողական, ճիշտ պայքար, որ Հայաստանում ոչ մեկին չուզեն, չկարողանան առանց պատճառի կալանավորել, առանց պատճառի ուզեն զսպել իր հայացքների համար»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ 

Ավելի վաղ քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»։

ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մաս

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս ճանապարհը պետք է ունենա տրամաբանական ավարտ ՝ հաղթական. Սամվել Կարապետյանի եղբորորդի