«Ժողովուրդ». Եկեղեցին և պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջև
Օրվա մամուլ
08:46 27/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Եկեղեցին և պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջև

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ և խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի և եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել և կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։

«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։

Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։ Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին և պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջև։

Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Եկեղեցին և պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջև