Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում որակեցինք պատժիչ գործողություն, ակնհայտ է՝ քննադատական կեցվածքը չի բավարարում վարչապետին. Արա Զոհրաբյան
Իրավունք
07:54 28/06/2025
Հայաստան

Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում որակեցինք պատժիչ գործողություն, ակնհայտ է՝ քննադատական կեցվածքը չի բավարարում վարչապետին. Արա Զոհրաբյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ  որոշումը կհրապարակվի ժամը 08: 30-ին:

Դատական նիստից հետո Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդությունը, Միքայել Սրբազանը ելույթ է ունեցել։

«Իրականում չկա հանցագործություն։ Հոդվածը, ինչի մեջ մեղադրում են սրբազանին, ասում է՝ բռնության  կոչերը, որոնք ուղղված են իշխանությունը զավթելուն, կամ սահմանադրական կարգը փոխելուն։

Սահմանադրական դատարանը 2008 թվականին կայացրած որոշում ունի, որով բացել է, թե ինչ է նշանակում դա։ Այդ որոշմամբ հստակ սահմանել է, որ այդ կոչերը պետք է լինեն բռնության, իրական, պարունակեն կոնկրետ գործողություն կատարելու նախապատրաստություն, կազմակերպչական պայմաններ։ Անհասցե կոչը որևէ հետևանք չի տալիս։

Սրբազանը 2023 թվականին էլ է խոսել այդ մասին։ Ընդ որում, ինչպես հետագա մեկնաբանություններից պարզում ենք, սրբազանը պատմում է պատերազմի ժամանակ ինչ- որ իրողության ժամանակ, ասում է՝ «պետք է ռազմական հեղաշրջում լինի և այլն։ Ոչ թե կոչ է անում, այլ պատմում է ինչ որ բանի մասին»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ինքն է հաղորդւոմ ներկայացրել Սրբազանի նկատմամբ քրեական հետապդնում իրականացնելու համար, պարզվել է, որ այդ ընթացքում ոստիկանության օպերլիազոր էլ է նմանատիպ հաղորդում ներկայացրած եղել, քրեական  վարույթ չեն նախաձեռնել, համարել են այդ հանցակազմը չկա։

«2024 թվականին սրբազանը այդ թեմայի մասին խոսել է, հիմա են համարել, որ պետք է քրեական նման հետապնդում սկսել։  Մենք դա որակեցինք որպես պատժիչ գործողություն։ Ակնհայտ է, որ սրբազանի քննադատական կեցվածքը չի բավարարում վարչապետին։ Նրա հրահանգով... այս ընթացքում երևի մի 30 րոպեում 4 ստատուս գրեց՝ կանալքին, սրբազանին վերաբերվող։ Ակնհայտ է, որ այստեղ ունենք ուղղորդված վիճակ։

Դատավորը փաստաբանների շրջանում ունի վատ համբավ՝ կալանքների տրման առումով։ Փաստաբան Երեմ Սարգսյանը երկու անգամ բացարակ հայտնեց, մենք էլ միացանք, մերժվեց։

Որքանով մեր պաշտպանական թիմը կարողացավ... ոնց որ թե պատի մեջ չաք տեսանք։ Ինչպես կդրսևորվի, կհասկանանք ժամը 8.30-ին»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Սրբազանի կալանքի միջնորդությունը քննել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավորը Մաիսիս Մելքոնյանն է։

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ, ըստ դատարանի, այլ խափանման միջոցի դեպքում Միքայել սրբազանը կթաքնվի  քննությունից, նոր հանցաք կկատարի։

«Դատախազության կոլեգիայի որոշմամբ, միջին ծանրության հանցագործությունները, որոնք մինչև 5 տարի ազատազրկում են նախատեսում, կալանքի միջնորդություն ներկայացնել  բացառապես այն դեպքերում, եթե անձն արդեն իսկ թաքնվել է, խոչընդոտել է, նոր հանցանք է կատարել։

Երբ որ այդ հարցը տալիս ենք՝ ինչո՞ւ, չեն կարողանում պատասխանել։ Ասում ենք՝ եթե կոլեգիայի որոշումը պարտադիր է, ինչո՞ւ եք սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորում։ Պատասխան չկա։  

Ասում են կթաքնվի։ Բայց հունիսի 26-ից վարույթի մասին հայտնի է, կարող էր թաքնվել, երեկ իր ոտքով ներկայացել է քննչական կոմիտե։

Ինչո՞ւ պետք է նոր հանցանք կատարի։ Ասում են՝ քանի որ կոչ է արել, այսինքն խախտել է օրենքը, իբր հանցագործություն է արել, նորից կանի։

Ասում են՝ կխոչընդոտի քննությանը։ Բացառիկ գործ է, երբ օբյեկտիվ ապացույցի հետ գործ ունենք։ Քրեական գործի քննությունն ավարտվել է, հրապարակային հայտարարությունը զննել եք, քննությունն ավարտվել է,  այս գործով չի կարող վկա լինել, եթե վկա էլ կա, սրբազանը խոչընդոտելու որևէ հնարավորություն, իմաստ ու կարիք չի տեսնում, ինչ է՝ գնա ու ասի՝ տեսանյութը հրապարակային չի եղե՞լ։ Նշում են՝ կեղծիք կարող է անի։ Ի՞նչը կարող է  կեղծի, եթե տեսանյութի մասին է խոսքը»։   

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder