Շատ ուժեղ մանիպուլյատոր լինելով՝ Մհեր Ենոքյանը վտանգավոր է երիտասարդության համար. Uպանվшծ Աղաջանովի քույր
Իրավունք
15:06 02/08/2025
Հայաստան

Շատ ուժեղ մանիպուլյատոր լինելով՝ Մհեր Ենոքյանը վտանգավոր է երիտասարդության համար. Uպանվшծ Աղաջանովի քույր

Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն օրեր առաջ վաղաժամ ազատ է արձակվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնել էին, որ  բողոքարկել են Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ Տուժող կողմը՝ Աղաջանովները, նույնպես  վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Դատական նիստը նշանակված է օգոստոսի 5-ին։

 Panorama.am-ը զրուցել է Իոսիֆ Աղաջանովի քրոջ՝ բժշկուհի Ելենա Աղաջանովայի հետ։

 Panorama.am- Ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից ձեր բողոքի հետ կապված։

Ե.Աղաջանովա-Վաղաժամկետ ազատ արձակել նման դաժան, իրականում փսիխոպատ մարդասպանին, սխալ, վտանգավոր որոշում է։ Ինձ համար անբացատրելի է, թե ինչպես կարող է գրագետ, կրթված, փորձ ունեցող դատավորը նման որոշում կայացնել։ Մենք բողոքարկել ենք՝ հույս ունենալով, որ արդարությունը կհաղթանակի, մարդասպանը կրկին կհայտնվի բանտում։

Իհարկե, արդեն 2 տարի է Ենոքյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, ազատ ման է գալիս, վայելում կյանքը։ Նման որոշում  կայացրած դատավորը գտել է, որ մարդասպանը վտանգավոր չէ. եթե 20 տարուց ավելի նստել է բանտում, ուրեմն կրել է իր պատիժը։

Ընդհանրապես, գտնում եմ, մարդասպանը պետք է նստի բանտում, մարդասպան, որը ոչ թե ինչ-որ պատահարի հետևանքով է մարդ սպանել, փորձանք է տեղի ունեցել, այլ պլանավորած, գիտակցված  սպանության է գնացել և հետո փորձել է դա թաքցել։ Մարդը, եթե 20 տարեկանում կարող է նման բան պլանավորել, իրագործել, ինքը միշտ է մնալու վտանգավոր։ Ոչ ոք չի փոխվում, իսկ  փսիխոպատ բնավորությունը, հոգեբանությունը նույնպես երբևէ չի փոխվում, ավելի է կատարեգործվում։ Գտնում եմ, որ նման տականքները վտանգավոր են նորմալ, առողջ պետության, քաղաքացիների, ցանկացած երեխայի, երիտասարդի համար։ Չէ՞ որ նմանատիպ անձը կարող է պղտորել երիտասարդների ուղեղը։ Շատ ուժեղ մանիպուլյատոր լինելով՝ Ենոքյանը վտանգավոր է երիտասարդության համար էլ։

Panorama.am-Դուք տեղյա՞կ էիք, որ հնարավոր է ազատ արձակվի Ենոքյանը, թե՞ անակնկալ էր Ձեր համար։

Ե.Աղաջանովա-Մեզ համար, իհարկե, անակնկալ էր, որ դատարանը նրան ազատ կարձակի։ Դատական բոլոր նիստերին ներկա եմ եղել։ Արդեն 4-րդ անգամ էր դիմում վաղաժամկետ ազատման համար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դատավոր Գնել Գասպարյանը որոշեց, որ նա արդեն կարող է ապրել մարդկանց մեջ, արդեն վտանգավոր չէ։ Չեմ կարող բացատրել, թե ինչ տարբերություն կար նախորդ 6 ամսվա մեջ։ Մեզ համար այդ որոշումն անհասկանալի էր ու անակնկալ։

Panorama.am-Տիկին Աղաջանովա, Դուք դեռ տարիներ առաջ Ենոքյանին ներում շնորհելու հնարավոր որոշման դեմ բողոքում էիք, ցանկություն էիք հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստորեն, այդ ժամանակ ներում չշնորհվեց նրան, բայց տարիներ անց վաղաժամ ազատ արձակվեց դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչված Ենոքյանը։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս հաջողվեց նրան հասնել դրան։

Ե.Աղաջանովա-Այո, 2019 թվականին, երբ հայտնի դարձավ, որ հանարվոր է մարդասպանին ներում շնորհվի, մենք սկսեցինք պայքարել, մեզ միացան շատ մտավորականներ, անծանոթներ, որոնց համար նույնպես անընդունելի էր, որ մեր պետության համար վտանգավոր մարդասպանին ներում շնորհվի, նա  դուրս գա փողոց։ Մեր պետությունը հիմա բավականին խեղճացած վիճակում է, լուրջ խնդիրների է բախվում, ինչպե՞ս կարելի է թույլ տալ մարդասպանները հայտնվեն դրսում։ Ի՞նչ խնդիր կա, եկեք, բոլորին էլ ազատենք։ Եթե մեկը որոշի մարդ սպանել, հույս կունենա, որ կարժանանա Ենոքյանի ճակատագիրը՝ չի փտի բանտում, այլ կարող է  խելոք մտքեր արտահայտել, բանտային պայմաններում միջոցառումների մասնակցել, բալեր հավաքել, դրական վարքագիծ ցույց տալ ու մի օր ազատ արձակվել։ Մեր օրենքը դա թույլ է տալիս, բավականին թուլացել է, եվրոպամետ փոփոխություններ են կատարվել մեր օրենքներում. մարդասպանն իրավունք ունի 6 ամիսը մեկ դիմել վաղաժամկետ ազատման՝ ներկայացնելով ինչ-որ միջոցառումներին մասնակցություն, որն իրեն տալիս է լրացուցիչ բալեր, որոնք վկայում են՝ ինքը փոխվել է։ Ցանկացած գրագետ, կյանքի փորձ ունեցող մարդ կարող  է հաստատել, որ ոչ ոք չի փոխվում, հնարավոր չէ փոխել մարդուն, հնարավոր չէ փոխվի մարդու հոգեբանությունը. ով ինչպես ծնվում է, այդպես էլ մնում է, ոչ մեկ ավելի լավը չի դառնում։

Panorama.am-Նրան կրկին ճաղերի հետևում տեսնելու համար ի՞նչ քայլեր եք նախաձեռնելու։

Ե.Աղաջանովա- Այս բոլոր տարիներին մեր բոլոր քայլերն օրենքի սահմաններում են եղել, հույսը դրել ենք միայն օրենքների վրա։  Երևի մեր միակ սփոփանքն այն էր, որ մտածում էինք՝ արդարություն կա, մարդասպանը բանտում է, չնայած բանտում էլ բավականին հետաքրքիր ու լավ կյանք է ունեցել պետության հաշվին սովորել է, տարբեր միջոցառումների մասնակցել, ամուսնացել, արտաքին աշխարհի հետ շփում ունեցել։ Պետք է շնորհակալ լինի պետությանը, օրենքներին, որ դաժան մարդասպանին հնարավորություն է տալիս վայելել կյանքը բանտում. Այնպես, ինչպես ապրում էր Ենոքյանը բանտում, կոչվում է կյանքի վայելք։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:

2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 

Գործի տեղեկանք

Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի`«1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:

Մհեր Ենոքյանը իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, թե մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder