ԱՄՆ-ն կխաբի Փաշինյանին. Հայկ Այվազյան
Քաղաքական
13:37 08/08/2025
Տարածաշրջան

ԱՄՆ-ն կխաբի Փաշինյանին. Հայկ Այվազյան

ԱՄՆ-ն, որը որոշակի խոստումներ է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակառուսական քայլերի դիմաց, կխաբի նրան՝ զոհաբերելով հանրապետությունը։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «նպատակ ունենալով տարածաշրջանում խթանել խաղաղությունը, բարգավաճումը և տնտեսական համագործակցությունը»։ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի մասին։

Փորձագետի խոսքով՝ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը տարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։

«Ռուսաստանի միջնորդությունը այս գործընթացում թույլ տվեց նվազագույնի հասցնել հետպատերազմյան ռիսկերը Հայաստանի համար։ 2020 թվականից հետո Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ամեն ինչ արեցին եռակողմ համաձայնագրերի իրականացումը ձախողելու համար։ Այժմ Միացյալ Նահանգները ցանկանում է հեռացնել Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդությունից՝ ստանձնելով այդ դերը»,-ասել է Այվազյանը։

Սակայն, նրա կարծիքով, ԱՄՆ միջնորդությունը որևէ երաշխիք չի տալիս, այլ ընդհակառակը, լուրջ ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։ Փորձագետը կարծում է, որ Միացյալ Նահանգները կփորձի Հայաստանից հեռացնել Ռուսաստանին ոչ միայն որպես միջնորդ, այլև ռազմական առումով։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու համար։ Վաշինգտոնյան հանդիպման նախօրեին արշավ սկսվեց Հայաստանում գտնվող ռուսական բազայի դեմ»,-ասաց Այվազյանը։

Ըստ նրա, Միացյալ Նահանգները պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

«Ինչպես երևում է, ԱՄՆ-ն խոստումներ է տվել Փաշինյանին՝ նրա հակառուսական քայլերի դիմաց։ Սակայն կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ն կխաբի Փաշինյանին և, ինչպես ասում են, պարզապես «կգցի» նրան՝ զոհաբերելով Հայաստանը», -ընդգծեց փորձագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder