Բացահայտվեց ֆինանսական աճպարարությունը. Դավիթ Հարությունյանի խիստ հայտարարությունը դատարանում
Իրավունք
22:35 17/09/2025
Հայաստան

Բացահայտվեց ֆինանսական աճպարարությունը. Դավիթ Հարությունյանի խիստ հայտարարությունը դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը, որտեղ դատախազության գործունեության վերաբերյալ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը. «Հայցվորը չի կատարում իր դատավարական պարտականությունները, փորձում է թելադրել իր կամքը դատարանին, ինչն անթույլատրելի է»։

Նա խնդրեց դատարանին պարտավորեցնել հայցվորին լիարժեք կատարել դատավարական պարտականությունները կամ հայցվորի նկատմամբ կիրառել համապատասխան իրավական միջոցներ։ Դավիթ Հարությունյանի քննադատության հիմքում այն էր, որ դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հրաժարվել էր պատասխանել 2010թ.-ի համար ներկայացված նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկին վերաբերող ճշգրտող հարցին։ Նշենք, որ տվյալ հաշվարկը ներառված է դատախազության կողմից պատասխանող կողմին տրամադրված աշխատանքային ֆայլում, սակայն առկա չէ սկզբանական հայցադիմումի մեջ։

Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ հայցվորը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում իրեն՝ այդպիսով խեղաթյուրելով իրականությունը։

Դ. Հարությունյանի մյուս հարցադրում-պնդումը վերաբերում էր հայցի հիմքի և առարկայի փոփոխության դատախազության գրավոր միջնորդությանը։ Նա շեշտեց, որ հայցվորը պետք է հստակ ներկայացնի, թե ինչն ինչով են ցանկանում փոխել։

«Եթե խոսում ենք, որ սկզբնապես դրված փաստերը փոխարինվել են, պետք է հասկանալ՝ ինչ սկզբնական փաստեր կային, ինչով են փոխարինվել։ Չիմանալով ինչ փաստեր կային՝  ինչպե՞ս իմանանք, թե ինչը փոխարինվեց»։ Սակայն դատախազը տվյալ հարցը նույնպես թողեց անպատասխան՝ մեկնաբանելով, որ պատասխանելու է միայն նոր միջնորդությանը վերաբերող հարցերին։

«Դատավարական պարտականություններն ակնհայտ չարամիտ եղանակով չեն կատարվում»,- հայտարարեց Դ. Հարությունյանը՝ ընդգծելով, որ սկզբնական հայցի վերաբերյալ հարցերին չպատասխանելն անթույլատրելի է։

Բացի այդ, Դավիթ Հարությունյանն արձանագրեց, որ ղեկավարվել մի միջնորդությամբ, որի մասին դեռևս ոչ ոք չգիտի՝ դատարանն այն կբավարարի, թե՞ ոչ, նշանակում է ի սկզբանե ասել, որ դատարանն անաչառ չէ, ասել, որ դատարանն ի սկզբանե գիտի, որ բավարարելու է այդ միջնորդությունը՝ անկախ հանգամանքներից, ինչը մեծ ստվեր է գցելու դատարանի անաչառության վրա։

Դավիթ Հարությունյանն առանձին ընդգծեց, որ այս ամբողջ գործընթացի միակ նպատակն իրեն վնաս պատճառելն է։ Նրա խոսքով հայցվորը ոչ միայն խախտել է իրավունքը՝ միտումնավոր խոչընդոտելով իր պաշտպանությունը, այլ նաև ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց արդյունքում զգալիորեն նվազեցվել են եկամուտները, իսկ ծախսերը՝ ուռճացվել։

«Պատահական չէ, որ 46 միլիոնը փոխվեց 27 միլիոնի, երբ ես արձանագրեցի, որ թիվն ուռճացված է երկու անգամ։ Դրանից անմիջապես հետո թիվը փոխվեց, հասկացան, որ բացահայտվել է ֆինանսական աճպարարությունը, թիվը փոխելու այլ հիմք չկար»,- ասաց նա:

Հարությունյանը նաև նախազգուշացրեց, որ եթե դատարանը կրկին թույլ տա հայցվորին չպատասխանել սկզբնական հայցին վերաբերող հարցերին, դա հերթական անգամ կնվազեցնի իր պաշտպանական հնարավորությունները. «Դուք արդեն մեկ անգամ դա արել եք, երբ ապացույցի ապահովումը մերժեցիք։ Այն ժամանակ ասում էի՝ հարգելի' դատարան, ապացույցը վերացնելու են, որովհետև սկզբնական հայցում այնպիսի նկարչություն է գնացել, որ կամաչեն ներկայացնել իրենց նախնական թվերը։ Հիմա Դուք համոզվում եք, որ ճիշտ էի իմ կանխատեսումներում»։

Այնուհետև հայտարարեց, որ այս գործում որևէ դրամի հարցական նշան լինել չի կարող, և դրանում բոլորը կարող են վստահ լինել։

Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը շեշտեց, որ հայցվորը չի կարող անորակ ներկայացրած հայցը «լղոզել» դատաքննության ընթացքում:

«Պետք է քննել այն հայցը, որը կա»,- հավելեց նա:

«Անորակ հայց» արտահայտությունից դատախազը նեղսրտեց. «Խնդրում եմ ավելորդ պիտակավորումներ հայցի որակյալ կամ  անորակ, լղոզված լինելու մասին չներկայացնել։ Հաշվարկները, գուցե, այո...»։

Ի պատասխան, դատավորն առաջարկեց պահպանել նորմալ քննարկման տրամաբանությունը և չընկնել ամեն մի բառի հետևից:

Դատախազի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց ս.թ. նոյեմբերի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացահայտվեց ֆինանսական աճպարարությունը. Դավիթ Հարությունյանի խիստ հայտարարությունը դատարանում