ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին. ՊՆ
Հասարակություն
10:20 30/09/2025
Հայաստան

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին. ՊՆ

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ:  Այս մասին հայտնում է  ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ 

«Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: 

Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ: 

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ: 

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ: 

Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- նշված է Ա. Թորոսյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին, ինչպես նաև սեպտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին ՊՆ վարչական շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի, ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Առաքել Մարտիկյանի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder