Բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը վերջ տալու համար. Միքայել Սրբազանի պաշտպան
Իրավունք
18:23 03/10/2025
Հայաստան

Բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը վերջ տալու համար. Միքայել Սրբազանի պաշտպան

«Սպասելի էր դատարանի վճիռը։ Բնականաբար, այսպես չի մնա, բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը  վերջ տալու համար»,- Միքայել Սրբազանին 2 տարվա ազատազրկում նշանակելու մասին դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Սրբազանի պաշտպան Ռոման Ահարոնյանը։

 Նա նշեց, որ այս օրը պատմական ամոթի օր է։

Հիշեցնենք, որ քիչ առաջ  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը՝ Սրբազանին դատապարտվելով 2 տարվա ազատազրկման։

Հանրային մեղադրողը պահանջել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։

Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder