Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի նկատմամբ, հետաքրքիր է՝ քննչականն այդ վիրավորանքի մեջ չի տեսել հանցակազմ. Բաբայան
Իրավունք
11:48 13/11/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի նկատմամբ, հետաքրքիր է՝ քննչականն այդ վիրավորանքի մեջ չի տեսել հանցակազմ. Բաբայան

«Հարցաքննությունն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ քննչականը դատարան ներկայացնի կալանքի վերաբերյալ միջնորդություն»,-Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո՝ լրագրողներին ասաց  «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի  պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ Վազգեն Սաղաթելյանին, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել էին հենց կալանավորման նպատակով, բնականաբար, միջնորդություն կներկայացվի։ 

Փաստաբանը նշեց, որ կան դատավորներ, որոնք անկախ ամեն ինչից կալանքի որոշում կկայացանեն. «Արդեն հետաքրքկիր է, որ բացի իրավական, փաստական հանգամանքներից, պետք է դիտարկենք նաև դատավորի հանգամանքը։ Դա էլ է սկսել ազդեցություն ունենալ»։ 

Լրագրողի դիտարկմանը, որ  տեղեկություններ են տարածվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահանջների վերաբերյալ՝  2 միլիոն դրամ, հերքում, ներողություն խնդրել և այլն,  Ա.Բաբայանն ասաց. «Այդ մասին տեղյակ չեմ, դա  քաղաքացիաիրավակ հարաբերությանն է վերաբերում։ Եթե առանձին նման հայց ներկայացրել է, չգիտեմ, այնուամենայնիվ այս վարույթը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ էլի նույն մեղադրանքն է՝  խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ, ինչով նախորդ անգամ արդեն արդարացվել էին»։

Ա. Բաբայանն ասաց, որ որոշակի արտահայտություններ կան, որոնք համարվել են խուլիգանական. «Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 10-ի հաղորդման մասին է խոսքը»։

Հարցին՝ որքանո՞վ են փոխկապակցված համարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ, որը  նոյեմբերի 7-ին էր հենց «Իմնեմնիմի» փոդքաստի ուղիղ եթերով, նա ասաց. «Կարծում եմ, այն հիմնական պատճառն է, որի համար արվեց։ Հիշենք, թե ինչ կատարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից այս ամբողջ ընթացքում։

Նույն Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց տղաների նկատմամբ, հետաքրքիր է, որ  քննչականն այդ վիրավորանքի մեջ չի տեսել հանցակազմ։ Եթե այս դեպքում ունենք խուլիգանություն, գուցե այն դեպքո՞ւմ էլ դիտարկենք խուլիգանության հարցը»։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն այսօր ձերբակալվել են հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ 

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ իրավական գնահատական տալու համար»,-  Panorama.am-ին ասել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի նկատմամբ, հետաքրքիր է՝ քննչականն այդ վիրավորանքի մեջ չի տեսել հանցակազմ. Բաբայան