Վստահ եմ, որ այս խաբեբաներին չի հաջողվել ամբողջությամբ մեր երկրի բնակիչներին դուրս մղել հայկական արժեքներից. Խաչիկ Մանուկյանն ամփոփում է քարոզարշավը
Քաղաքական
14:50 14/11/2025
Հայաստան

Վստահ եմ, որ այս խաբեբաներին չի հաջողվել ամբողջությամբ մեր երկրի բնակիչներին դուրս մղել հայկական արժեքներից. Խաչիկ Մանուկյանն ամփոփում է քարոզարշավը

Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Նոյեմբերի 16-ին վաղարշապատցիները կընտրեն ավագանի, վերջինս էլ քաղաքապետ։ Ընտրություններին  մասնակցում է 8 քաղաքական ուժ, այդ թվում  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, որի  կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու է առաջադրված  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

«Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է, կարգախոսը՝  «Վաղարշապատ՝ իմ հայրենիք»։

Ընտրությունների նախաշեմին Խաչիկ Մանուկյանի կոչն է վաղարշապատցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին,  քանի որ որոշողը հենց վաղարշապատցիներն են, համոզված է՝ միասին կարողանալու են հաղթական ընթացք կերտել, կեղծ խաղաղությանը հակադրել իրական, արժանապատիվ խաղաղություն։

«Ես բազմաթիվ անգամ եմ հայտարարել՝ հաղթած եմ եկել, և այդ հաղթանակի շուրջ էլ հրավիրում եմ իմ համայնքի բնակիչներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ հայերը զարթնում են, թմբիրից դուրս են գալիս։

«Ես չեմ ուզում նոր փորձությունների գնան մարդիկ, բայց սա իմ համայնքի բնակիչների փորձությունն է, իմ փորձությունը չէ։ Եթե նրանք ուզում են ինքնիշխանություն, ազատ երկրի քաղաքացի լինելու կերպարն ունենալ, կկանգնեն և միասին  50+1, 100+1 տոկոս կունենանք, մնացած պարագաներում  տեխնիկական հարցեր են։ Այո, միանալու են բոլոր այն ուժերը, որոնք  հային հայ պահող արժեքներն են վեր հանում, թույլ չեն տալու  հայոց եկեղեցու վրա հարձակումներ»,- ասաց Մանուկյանը։

Պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ արդյո՞ք այս իշխանությունների հակաեկեղեցական արշավն իր ազդեցությունն ունեցել է  վաղարշապատցիների վրա, եթե պատրաստ էին նախկինում ընտրել ՔՊ-ին, հիմա՝ ոչ, Մանուկյանն ասաց. «Վստահ եմ, որ այս խաբեբաներին չի հաջողվել  ամբողջությամբ մեր երկրի բնակիչներին դուրս մղել հայկական արժեքներից։

Իհարկե, ազդեցություն ունի, իհարկե, մարդիկ հասկանում են՝ ուրեմն  ձախողելով կառավարության գործընթացները հիմա էլ եկել են, եկեղեցու գործընթացներն են ձախողում»։

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը նշեց, որ  իրենց կուսակցությունը երբեք չի եղել  իշխանության,  իրենց չեն կարող մեղադրել ալանի-թալանի, Արցախը հանձնելու, ՀՀ տարածքներ հանձնելու մեջ։

«Մեզ կարող են մեղադրել, որ չի հաջողվել  հեռացնել այս իշխանությանը, բայց մեր պայքարը շարունակում ենք»,- ասաց նա։

Վաղարշապատ համայնքի բնակիչ Տիգրան Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վստահում է Խաչիկ Մանուկյանին. «Նա երբեք քաղաքականության մեջ չի եղել, պղտորված չէ, ինչպես ասում էր Բագրատ Սրբազանը՝ բացառիկ ազնիվ, շիտակ մարդ, ընկեր, բարեկամ»։

Վաղարշապատ համայնքի բնակիչ Հունան Մարտիրոսյանը նշեց, որ Խաչիկ Մանուկյանը երբեք չի դավաճանել հային, ու իր համաքաղաքացիներին կոչ է անում ընտրել հենց «Հայրենիք»  կուսակցության քաղաքապետի թեկնածուին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ եմ, որ այս խաբեբաներին չի հաջողվել ամբողջությամբ մեր երկրի բնակիչներին դուրս մղել հայկական արժեքներից. Խաչիկ Մանուկյանն ամփոփում է քարոզարշավը