Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԻՊ-ը չի այցելել հացադուլ հայտարարած Սամսոնյանին, բայց գրավոր պարզաբանումներ է պահանջել պետական մարմիններից
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի այցելել հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։
«Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Նարեկ Սամսոնյանին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության ուշադրության ներքո: Ձեր կողմից բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում չի ստացվել որևէ դիմում-բողոք: Այնուամենայնիվ, հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, և այս դեպքով Պաշտպանի մանդատի ներքո առկա գործիքակազմերը գործադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ»,-ասացին ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակը նաև ասաց, որ ազատությունից զրկված անձանց հացադուլի վարման ընթացքի, առողջական վիճակի, ինչպես նաև տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ապահովման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորում է տարբեր գործիքակազմերով։
«Նշված դեպքով Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա կապի մեջ է գտնվում Քրեակատարողական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցիչների հետ:
Նշենք նաև, որ հիշյալ գործով բացի բանավոր հաղորդակցությունից նաև գրավոր պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Ոլորտում առկա համակարգային խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար է անդրադառնում, այդ թվում՝ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակում:
Ինչ վերաբերում է ազատությունից զրկման վայրեր ՄԻՊ ներկայացուցիչների այցերին, ապա դրանք կրում են պարբերական բնույթ և լրացուցիչ տեղեկատվության և անհրաժեշտության դեպքում ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,- ասացին ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդման շրջանակներում իշխանություններին սուր քննադատության համար։
Հաղորդումը ներկայացրել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։ Օրերս Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց կալանքը երկարաձգեցին ևս 3 ամսով։ Նարեկ Սամսոնյանն արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։