«Օրվա հացի խնդիր լուծող ԱՁ-ների համար սա լուրջ բեռ է». Տիգրան Քեյանը՝ առողջապահական ապահովագրավճարի մասին
Տնտեսություն
18:03 12/01/2026
Հայաստան

«Օրվա հացի խնդիր լուծող ԱՁ-ների համար սա լուրջ բեռ է». Տիգրան Քեյանը՝ առողջապահական ապահովագրավճարի մասին

Անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր առողջապահական ապահովագրության վճարների թեման վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Մի շարք օգտատերեր դժգոհում են, որ դեկտեմբերին են միայն իմացել՝ պետք է վճարեն 129 600 դրամ պարտադիր ապահովագրավճար։ Բացի այդ՝ բողոքներ կան, թե ինչու են քաղաքացիները վճարում ապահովագրավճարը ամսական կտրվածքով, իսկ ԱՁ-ները ստիպված են այն միանվագ վճարել, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ շատերի համար։ 

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշում է, որ խնդիրը ոչ միայն գումարի չափն է, այլ նաև այն, որ մարդիկ տարվա սկզբին չեն պլանավորել այդ ծախսը, տարվա ընթացքում չեն կարողացել համապատասխանեցնել իրենց գները կամ աշխատանքային որոշումները և այժմ կանգնել են փաստի առաջ՝ արդեն «պարտք» ունենալով։

Մեկ այլ օգտատեր հարցադրում է անում, «Եթե վարձու աշխատողը ամսական 200 001–500 000 դրամ աշխատավարձ ստանալու դեպքում վճարում է 4 800 դրամ, իսկ մնացածը սուբսիդավորում է պետությունը, ապա ինչո՞ւ մինչև 6 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱՁ-ն պետք է ամբողջ գումարը վճարի ինքնուրույն։ Ինչո՞ւ պետությունը չի օգնում ԱՁ-ին, երբ նրա շրջանառությունից մեծ մաս են կազմում ծախսերը՝ վարձավճար, աշխատողի աշխատավարձ, բանկային ծախսեր և այլն»։

Հիշեցնենք, որ ԱՁ-ներն այս տարվանից պետք է վճարեն առողջապահական ապահովագրության վճար, եթե դրանց շրջանառությունը գերազանցում է 2 մլն 400 հազար դրամը։ 

Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ Տիգրան Քեյանի հետ։

«Տեսեք, ԱՁ-ների մասով բոլոր վճարներն այդ սկզբունքով են սահմանված եղել, և նույն սկզբունքով էլ սահմանվել է ապահովագրավճարը։ Եթե հիմա տարեկան պետք է վճարեն առողջապահության հարկը, միևնույն ժամանակ ԱՁ-ները նաև դրոշմանիշային վճարն են վճարում, պարզապես իրենց մոտ այդ նվազեցումը ուշ է տեղի ունենում»,-ասաց Քեյանն ու ընդգծեց՝ այստեղ խնդիրը հենց անցումային կարգավորումն է։

Նրա խոսքով, ի տարբերություն աշխատողների՝ ԱՁ-ների համար անցումային կարգավորումն է սխալ արված։ 

«Դեկտեմբերից աշխատողների համար մինչև մեկ միլիոն դրամ ստացողների դեպքում դրոշմանիշային վճարը նվազեցվել է և դարձել է 1 000 դրամ, իսկ ԱՁ-ների դեպքում այդ փոփոխությունը կլինի միայն 2027 թվականին՝ 2026 թվականի արդյունքների համար»,- մանրամասնեց Քեյանը։

 ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամի խոսքով՝ ամենակարևոր տարբերությունը աշխատողների և ԱՁ-ների միջև սուբսիդավորման բացակայությունն է։

«Աշխատողների մասով մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում այս անցումային տարում պետությունը սուբսիդավորում է 6 000 դրամ(հայտարարագրի լրացման դեպքում առողջապահական ծախսերի փոխհատուցումը- խմբ)։ Դա ժամանակավոր է, հաջորդ տարիներին ինչ կլինի՝ ոչ ոք չգիտի։ Իսկ ԱՁ-ների դեպքում որևէ սուբսիդավորում նախատեսված չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի այդ՝ եթե ԱՁ-ն տարեկան հաշվետվությունն ապրիլին է հանձնում, ապա շահառու է համարվում մայիսի 1-ից։ Այսինքն՝ մինչև այդ չի կարող օգտվել համակարգից, եթե չվճարի ավելի շուտ և չհանձնի հաշվետվությունը։

Քեյանի խոսքով՝ շատերի համար սա լուրջ բեռ կարող է լինել ու բեռի ծանրությունը կախված է գործունեության ոլորտից։

«Մարզերում շատ ԱՁ-ներ կան, որոնց շրջանառությունը կամ եկամուտը բառացիորեն օրվա հացի խնդիր է լուծում։ Այդ մարդկանց համար սա լուրջ բեռ է։ Հատկապես ծառայություն մատուցող ԱՁ-ների դեպքում, որտեղ ստացված եկամուտը փաստացի իրենց աշխատավարձն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առևտրի և արտադրության ոլորտում իրավիճակն առավել ծանր է. «Այն ոլորտներում, որտեղ շահութաբերության մակարդակը ցածր է, սա արդեն լուրջ բեռ է։ Իսկ այս տարի պետության կողմից որևէ արտոնություն կամ խրախուսում նախատեսված չէ»։

Քեյանը շեշտեց, որ միայն շրջանառության թվով հնարավոր չէ գնահատել ԱՁ-ի վճարունակությունը. «Եթե 3 միլիոն դրամ շրջանառությունը ձևավորվել է առևտրից, այդ մարդը կարող է իրականում այդ գումարը չունենալ հարկերը վճարելու համար։ Եթե նույն գումարը ծառայություն է, ապա հաշվի առնելով սոցիալական ծախսերը՝ դա նույնպես լուրջ բեռ է»։

Նրա հաշվարկով՝ միջին սպառողական զամբյուղը տարեկան մոտ երկու միլիոն դրամ է. «Եթե մարդը տարեկան 3 միլիոն է ստանում, դրանից հետո ունի այլ ծախսեր, ինքնարժեք, ապա այս վճարները իր համար լուրջ բեռ են դառնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder