Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ. Գևորգ Սուջյան
Հասարակություն
10:32 15/01/2026
Հայաստան

Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ. Գևորգ Սուջյան

«Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է գերությունից երեկ վերադարձած Գևորգ Սուջյանը։

Նա շնորհակալություն է հայտնել  բոլորին ջերմ մաղթանքների համար. «Շուտով կլինի անկեղծ զրույց մեր բաժանումից մինչ հանդիպում իրադարձությունների մասին։ Սիրում եմ բոլորիդ»։

Ավելի վաղ նա գրել էր.

«Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով, որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։

«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։

Այս օր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից,լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։ Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։

Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ,որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ,ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի'կ,իմացե'ք,խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրը իմ օրն է»։

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը  գերեվարվել են 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհին։ Նրանք որոշել էին օգնություն հասցել Ստեփանակերտ։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման են դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը երեկ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։  Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նա այսժմ գտնվում է հիվանդանոցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder