Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի դուստր
Հասարակություն
16:07 15/01/2026

Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի դուստր

«Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ,

անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին»,-գրել է Բաքվի գերությունից երեկ վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Նա նշել է.

«Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։ Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։

Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 2023թ. հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։ Ըստ ադրբեջանական կողմի, իբրև Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։ Վագիֆ Խաչատրյանը 2023թ. նոյեմբերին Բաքվում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի դուստր