Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի 7 մասնակից է ձերբակալվել
Իրավունք
15:21 17/01/2026
Հայաստան

Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի 7 մասնակից է ձերբակալվել

Երևանում գտնվող Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել։ Հայաստանում ապրող իրանցիներն իրենց աջակցությունն են հայտնել Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր իրականացնող իրենց հայրենակիցներին։ Նրանք նախատեսել էին դեսպանատնից դեպի Կապույտ մզկիթ երթ իրականացնել, սակայն, այն արտոնված չի եղել։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։

«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը»,-ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք,  երեկ Հայաստանում Իրանի դեսպանատունը լուսաբանող զեկույց էր տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին, որտեղ նշված է, որ Իրանի իշխանություններն ընդունում են տնտեսական խնդիրների պատճառով փողոց դուրս եկած իրանցիների բողոքը, սակայն դատապարտում են արտաքին միջամտությունն այդ գործընթացներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի 7 մասնակից է ձերբակալվել