18 արդարների գործով դատարանն անցավ դռնփակ նիստի
Իրավունք
15:45 22/01/2026
Հայաստան

18 արդարների գործով դատարանն անցավ դռնփակ նիստի

18 արդարների գործով անցնող Արման Իսրայելյանի պաշտպանի կողմից, մինչ խափանման միջոցի հարցը քննարկելը, ներկայացվել են բժշակական փաստաթղթեր։ Հանրային մեղադրողն առաջարկեց դրանց քննարկման, առողջական վիճակի ներկայացման համար անցնել դռնփակ նիստի։ Պաշտպան Վահագն Հակոբյանը նկատեց, որ կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր վստահորդին ու նրա որդու առողջական վիճակին։

«Բայց քանի որ նիստը կարող է բովանդակային առումով կայանալ, նաև դահլիճում մի քանի տասնյակ մարդիկ են տեղավորվել, դռնփակ ռեժիմի անցնելու դեպքում տեխնիկական որոշակի խնդիրներ կլինեն, կարծում եմ՝ նպատակահարմար է, ըստ էության մենք գնանք առաջ, վերջում արդեն դռնփակության կարգով քննարկենք խափանման միջոցի հարցը»,-ասաց պաշտպանը։

Դատավորը տեղեկացրեց, որ այս պահին քննարկելու են խափանման միջոցի հարցը, քննարկվելու են բժշկական փաստաթղթերը։ Ստեղծված իրավիճակում պաշտպանն առաջարկեց անցնել դռնփակ քննարկման։

Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, կարգադրիչներին հանձնարարվեց ապահովել նիստի դռնփակությունը։

Դատալեքսում հրապարակված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
18 արդարների գործով դատարանն անցավ դռնփակ նիստի