«Կոմիտաս պարկի» շենքերում գազամատակարարում չկա, կոյուղատարը ցրտից պայթել է ու լցվել նոր վերանորոգած բնակարան. Բնակիչները դուրս են եկել բողոքի
Իրավունք
12:39 07/02/2026
Հայաստան

«Կոմիտաս պարկի» շենքերում գազամատակարարում չկա, կոյուղատարը ցրտից պայթել է ու լցվել նոր վերանորոգած բնակարան. Բնակիչները դուրս են եկել բողոքի

Երևանի Գրիբոյեդովի փողոցում տեղակայված «Կոմիտաս պարկի» բազմաթիվ բնակիչներ այսօր շենքի բակում դուրս են եկել բողոքի՝ բարձրաձայնելու առկա խնդիրները, պահանջելու լուծումներ պատասխանատու մարմիններից։ Լրագրողների հետ զրույցում պարկի 7-րդ մասնաշենքի բնակիչներից մեկը մանրամասնեց, որ իր բնակարանը պետք է հանձնվեր 2023-ի դեկտեմբերին, սակայն այն տրամադրել են 2 տարի ուշացումով։ Համակերպվել են ուշացմանը, հիմա այլ խնդիր կա, շենքն ապահովված չէ գազամատակարարմամբ։

«Մեզ ասեցին, որ անցած տարվա դեկտեմբերին պետք է լինի գազամատակարարում, հետո ասեցին՝ հունվարին։ Հիմա ունենք իրավիճակ, երբ ոչ մի գործ չի արվել, մենք գազ չունենք»,-ասաց բնակիչը, որը խնդրի պատճառով չի կարողանում տեղափոխվել իր նոր բնակարան։

Նրանց ներկայացմամբ, ոչ կառուցապատողը, ոչ «Գազպրոմ»-ը բնակիչներին հստակ պատասխաններ չեն տալիս։ 

Հունվարի 1-ից նորակառույց շենքի բնակարան տեղափոխված Ասյա Գյուրջյանը պատմեց, որ համալիրն ունի ավարտական ակտ, սակայն շահագործման ակտ դեռ չկա։ Դրա հետևանքով բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներն առայժմ չունեն նաև սեփականության վկայականներ, ինչը նույնպես խնդիրներ է առաջացնում։

«Բայց այս պահին ամենակարևոր խնդիրը գազամատակարարման բացակայությունն է։ Եղել է դեպք, կան նկարներ, երբ կոյուղատարը սառել, պայթել է՝ լցվելով նոր վերանորոգված բնակարաններից մեկը, պատճառելով մեծ վնաս։ Դրա համար մենք ստիպված հունվարից եկել, այստեղ ենք բնակվում, ջեռուցում ենք, որ նման խնդրի առաջ չկանգնենք»,-ասաց Ա. Գյուրջյանը։

Նա ասաց, որ նորակառույց թաղամասի շենքերում բնակարաններ քաղաքացիները ձեռք են բերել նաև պետական ծրագրի շրջանակում, ինչը նշանակում է, որ կողմ է հանդիսանում նաև պետությունը։

«Մենք սա հաշվի առնելով գրություններ ենք ուղարկել վարչապետի աշխատակազմ, քաղաքաշինության կոմիտե, այլ պետական մարմիններին, նրանք էլ դժվարանում են պատասխաններ տալ, քանի որ կառուցապատող ընկերությանը՝ «Ord.development»-ին ուղղված նամակաները մնում են անպատասխան։ Մենք ենք փորձել կառուցապատողի հետ հանդիպել դեռ անցած տարվա նոյեմբերին, խոստացել են 4-5 օրվա ընթացքում մեզ պարզաբանումներ տալ, բայց մինչ օրս մեր բոլոր գրություններն անպատասխան են»,-ասաց բնակիչը։

Նրա խոսքով, կառուցապատողին առաջարկել են եռակողմ, քառակողմ հանդիպումներ ունենալ, սակայն կառուցապատող ընկերությունը հրաժարվել է։ Բնակիչներին տեղեկություններ են հասել, որ գազամատակարարման համար անցկացված խողովակաշարը չի համապատասխանում «Գազպրոմ»-ի տեխնիկական պայմաններին, սակայն կառուցապատողն ասում է՝ ամեն ինչ արել է օրենքի համապատասխան։

«Եթե լինի եռակողմ, քառակողմ հանդիպում, մենք կլսենք բոլոր կողմերի պարզաբանումներն ու հակադարձումները»,-ասաց Ասյա Գյուրջյանը։

Մեկ այլ բնակիչ ասաց՝ մի հարցում կառուցապատողը կառուցողական է եղել, փոխհատուցել է փաստացի բնակվողների հոսանքի ծախսի գումարը, սակայն սա էլ հղի է վտանգներով։

«Բնակիչներն այնքան շատ են ծախսում էլեկտրաէներգիան, որ ապահովիչները քցում են, լարերը տաքանում են։ Մեկ էլ ձմռան ցրտին լույսերն անջատվում են, ու ժամերով լույս չի լինում։ Այո, փոխհատուցում եղել է, բայց դա բավարար չէ»,-ասաց բնակիչը։

Նա նշեց՝ Քաղաքաշինության կոմիտեից, ի պատասխան իրենց դիմումների, ասում են, որ իրենք լիազորություն չունեն, կարող են ծրագիրը համարել ձախողված։

«Գյուղերում գազ կա, Երևանի կենտրոնում գազ չկա։ Այսօր մարդիկ ուզում են գան ապրեն, չեն կարողանում գալ։ Մարդիկ վարձով են ապրում, գումար են ծախսում»,-ասաց նա։

Մեկ այլ բնակիչ կարծիք հայտնեց, որ փակուղում հայտնված բնակիչների խնդրի լուծման համար անհրաժեշտ է պետության միջամտությունը։

«Մարդիկ ստիպված են եկել այստեղ բնակվելու, կոշմարների միջով են անցել, անմարդկային պայմաններում են ապրել այս ընթացքում»,-ասաց շենքում բնակարան ձեռք բերած մի տղամարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կոմիտաս պարկի» շենքերում գազամատակարարում չկա, կոյուղատարը ցրտից պայթել է ու լցվել նոր վերանորոգած բնակարան. Բնակիչները դուրս են եկել բողոքի