Հնդիկները չմնացին, Սոթքի հանքից 5-6 հանքափոր է եկել, աշխատում են․ Ախթալայում գործադուլի 24-րդ օրն է
Հասարակություն
10:43 07/02/2026
Հայաստան

Հնդիկները չմնացին, Սոթքի հանքից 5-6 հանքափոր է եկել, աշխատում են․ Ախթալայում գործադուլի 24-րդ օրն է

Ախթալայում գործադուլը շարունակվում է, բանակցությունները՝ ևս։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց գործադուլի աջակից Սասուն Վարդումյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ որևէ դրական փոփոխություն չկա։

Վարդումյանն ասաց, որ օրերս հանդիպել են Ախթալա ԼՀԿ-ի ղեկավարության հետ, քննարկել հարցը, թեև դեռ համաձայնության չեն եկել։

 «Այս պահին էլ առաջին պահակակետի մոտ հավաքված են մարդիկ։ Գործադուլը շարունակվում է։ Թեև պետք է նշեմ՝ երկու կողմերի մոտ էլ նկատվում է զիջողական տրամադրություններ։ Եթե դա չլիներ, այսքան բանակցություններ չէին լինի»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ բանակցությունները  հիմնականում տեխնիկական խնդիրների շուրջ են։

«Հանքաքարի տոննայի,խորանարդ մետրի․․․ այս հարցերի շուրջ են բանակցում, որոնցից կախված են նաև այդ ֆինանսական խնդիրները։ Ուղղակի այս պահի դրությամբ դեռ համաձայնության չեն եկել»,- նշեց նա։ 

 Մի կողմից համաձայնության չեն գալիս, մյուս կողմից էլ «Ախթալա» ԼՀԿ-ն աշխատակիցներ է փնտրում կամ ՝ ազատում։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ կոմբինատը նոր աշխատակիցներ (ազգությամբ հնդիկ) բերել էր՝ աշխատելու համար, սակայն չեն աշխատել։

«Մտել են հանքի ներս, տեսել են՝ որտեղ պիտի աշխատեն, թողել, հետ են գնացել։  Իրենք սովոր չեն  նման աշխատանքին։ Հանքի ներսում,  ծանր աշխատանք է»,- ասաց Վարդումյանը՝ շարունակելով․ «Հիմա էլ Վարդենիսի համայնքում գործող Սոթքի հանքավայրից 5-6 հոգի մարդ են ընդունել, աշխատում են, մոտ 10 օր կլինի»։

Նրա խոսքով՝ ունեն տեղեկություններ, որ կոմբինատն աշխատանքից ազատել է 5 պայմանագրային աշխատողի։

«Խոսքը վերաբերվում է պայմանագրային աշխատողներին, որոնք ոչ հիմնական աշխատողներ են։ Նրանց պայմանագիրն ավարտվում էր և դրա հետ կապված, դադարեցվել է»։

Սասուն Վարդումյանն արդարացված է համարում գործադուլ անողների բողոքը՝ նշելով, որ կան բոլոր հնարավորությունները աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման համար։

«Պետք է փաստենք, որ այս 52 հոգի գործադուլ անողները հորատողներն են։ Այդ ամբողջ արտադրության սկիզբը, հիմքը, սկսում է իրենցից։ Այսինքն՝ այդ աշխատանքային պրոցեսի առաջին կետում իրենք են կանգնած։ Նրանք են հանքի ներսում  քարը ծակում, պայթեցնում, հանքաքար արտադրում, որից հետո նոր սկսում են աշխատել կոմբինատի մյուս ստրուկտուրաները։Այսինքն՝ հիմա, եթե այս մարդիկ հանքաքար չեն արտադրում, մյուս 450  աշխատողները մատնվում են անգործության։ Հետո պետք է նաև փաստենք, որ այդ մարդիկ իրենց կյանքի գնով են այդտեղ աշխատում, որովհետև  յուրաքանչյուր հանքում 2-5 կմ խորությամբ գետնի տակ են մտնում։ Մարդիկ 20 %  աշխատավարձի բարձրացում էին պահանջում, չէ՞, հիմա բանվորներն ասում են՝ լավ ախպեր, 20 % չեք կարող, գոնե ասեք, որ կբարձրացնենք 5 %-ով։ Նույնիսկ նման առաջարկ չկա»,- ասաց նա՝ նշելով, որ ընդհանուր համաձայնության չգալու պատճառը սա է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդիկները չմնացին, Սոթքի հանքից 5-6 հանքափոր է եկել, աշխատում են․ Ախթալայում գործադուլի 24-րդ օրն է