Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վանեցյան. Վստահ եմ՝ առաջիկա ընտրություններում իշխանությունը 50 տոկոս և ավելի ձայն հավաքելու որևէ շանս չունի
««Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ցանկացած ձևաչափով կայանալիք ընտրությունների»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ «Հայրենիք» կուսակցությունը հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների է պատրաստվում և ի՞նչ ձևով։
Նա նշել է, որ «Հայրենիք» կուսակցությունն ակտիվ աշխատում է մարզերում, Երևանում, բացվում են բազմաթիվ գրասենյակներ, կուսակցության շարքերը համալրվում են, մշակում են ծրագիր, որն առաջիկայում ներկայացնելու են հանրությանը։
«Մեր ծրագիրը լինելու է այնպիսին, որ մարդը լսելուց՝ հասկանա, թե անձամբ իր վրա ինչպես է ազդելու, երբ մենք լինենք իշխանություն և իրականացնենք մեր ծրագիրը։ Ամեն ոլորտի մարդ պետք է հասկանա, թե ինչ է փոխվելու իր կյանքում դեպի դրականը, եթե ձայն տա մեզ ու գանք իշխանության։ Մարդկանց հասցեական պետք է հասցնենք այն միտքը, թե ինչ է փոխվելու մարդու կյանքում»,- ասել է Ա. Վանեցյանը։
Նա հայտարարել է, որ «Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի առաջիկա ընտրություններին՝ արտահերթ կամ հերթական, մասնակցել միայնակ։
Հարցին՝ դո՞ւք եք լինելու վարչապետի թեկնածուն, Ա.Վանեցյանը պատասխանել է. «Կարծում եմ, այո, բայց կուսակցությունը համագումար կանի ընտրություններից առաջ ու իր որոշումը կհրապարակի»։
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, քաղաքական գործիչն ասել է. «Չեմ ուզում գնահատել այդ գործընթացն իրատեսական է կամ ոչ, ասում եմ՝ դա սահմանադրական գործիք է, որից խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է օգտվել»։
Ա. Վանեցյանի կարծիքով, այսօր էլ ընդդիմությունը համախմբված է մի գաղափարի շուրջ՝ օր առաջ ազատվել այս իշխանություններից։
«Այս տարիների ընթացքում, այո, ցավոք սրտի, չի հաջողվել հասնել վերջնարդյունքին, բայց իրական ընդդիմությունը չի կարող ունենալ իրար մեջ անհաղթահարելի տարաձայնություններ. կարող ենք ունենալ մարտավարական տարբեր մոտեցումներ՝ ով ոնց է կառուցում իր քաղաքական ճանապարհը»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ա.Վանեցյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը 50 տոկոս և ավելի ձայն հավաքելու որևէ շանս չունի. «Շփվում ենք ժողովորդի հետ, տեսնում ենք դժգոհությունը։ Ժողովուրդն էլ է տեսնում՝ ինչ է արել իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն մեր երկրի հետ. մարդիկ տագնապի մեջ են ապրում, ամեն առավոտ մարդ արթանանում է ու չգիտի՝ ինչ է լինելու։
Իսկ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ստով, հրապարակային սուտ խոսելով, ասելով որ ինքը բերելու է խաղաղություն, Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու հնարավորություն Արցախի տարածքում, կորզել է ձայներ»։
Արթուր Վանեցյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։