Ջալալ Հարությունյանն ամեն կերպ խուսափում է դատական ակտը ստանալուց. Սա իրավունքի չարաշահում է. Ահազանգ
Իրավունք
13:31 08/08/2025
Հայաստան

Ջալալ Հարությունյանն ամեն կերպ խուսափում է դատական ակտը ստանալուց. Սա իրավունքի չարաշահում է. Ահազանգ

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն ամեն կերպ խուսափում է վերաքննիչ դատարանի կողմից կայացրած դատական ակտը ստանալուց։ Այսօր վերքաննիչ քրեական դատարանը նիստ է հրավիրել ու դատավարության մասնակիցներին տեղեկացրել, որ դատարանի որոշումը որև կերպ չեն կարողացել փոխանցել Հարությունյանին։

44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի զոհված  20 զինծառայողների  հարազատները կարծում են, որ սա իրավուքի չարաշահում է Հարությունյանի կողմից, նա ամեն բան անում է, որպեսզի գործով վաղեմության ժամկետն ավարտվի ու չկրի սահմանված պատիժը՝  հինգ տարի վեց ամիս ազատազրկումը։ Վաղեմության ժամկետն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին։

«Այսօր նիստ հրավիրելը բոլորիս զարմացրեց, քանի որ ակտն արդեն կայացվել է, մենք ստացել ենք այն, հրապարակված է «Դատալեքս» հարթակում, չէինք հասկանում, թե ո՞րն է նիստ հրավիրելու նպատակը։ Պարզվեց, որ դատարանը ուզում էր, մեզ տեղեկացնել, որ հունիսի 30-ից դատարանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է, որպեսզի մեղադրյալին տրամադրի ակտը, սակայն մեղադրյալն ամեն ինչ արել է, որ այդ ակտը չստանա։ Ծնողը դատարանի աշխատակցիներին ասել է, որ Ջալալ Հարությունյանը ստացիոնար բուժման մեջ է, սակայն  դատարանը պարզել է, որ այդ օրերին նա ստացիոնար բուժման մեջ չի գտնվել։ Սա իրավունքի ակնհայտ չարաշահում է»,-Panorama.am-ին ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։

Այսօրվա դատական նիստին էլ Ջալալ Հարությունյանը ներկա չի եղել։ Պաշտպանը հայտնել է, որ այս օրերին ՊԲ նախկին հրամանատարը բժիշկների ցուցումով գտնվում է լեռնային գոտում՝ Սյունիքի հյուրատներից մեկում, որպեսզի ամառվա տապին արևը մաշկը չվնասի։

«Դատարանը որոշում կայացրեց, որ հենց այսօրվա ընթացքում դատարանի որոշումը պետք է առձեռն հանձնվի Ջալալ Հարությունյանին, եթե ոչ, ապա սանկցիա է կիրառվելու, նրան հարկադրաբար բերման կենթարկեն դատական նիստին։ Երկուշաբթի վերաքննիչ քրեական դատարանը կրկին նիստ է նշանակել»,-ասաց Ա. Մանասյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։

Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։ Վերաքննիչ դատարանից նա պահանջել էր անմեղ ճանաչել իրեն, իսկ տուժող կողմը պահանջում էր առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

 «Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջալալ Հարությունյանն ամեն կերպ խուսափում է դատական ակտը ստանալուց. Սա իրավունքի չարաշահում է. Ահազանգ