Փաշինյան Նիկոլը ու մյուսները 18 ատենակալներով դատարանում
Իրավունք
18:52 23/09/2025

Փաշինյան Նիկոլը ու մյուսները 18 ատենակալներով դատարանում

Ամեն ինչ այնքան պարզ է, կարող էի նույնիսկ չգրել։ Համեմատելի չէ, բայց սա ասում եմ Միքայել Սրբազանի այսօրվա «վերջին» խոսքի նմանությամբ։

Դատական ընթացքը, որ կոչվեց 18 արդարների դատավարություն, իրականում Փաշինյան Նիկոլի նկատմամբ հերթական դատն է։

Ու ես համաձայն չեմ, երբ ասում են՝ 18-ն այնտեղ ավելի ազատ են, քան մենք այստեղ։ Մանավանդ՝ երբ դա ասում են ԱԺ պատգամավորները։ Եթե նկատի ունեք հոգով ազատ լինելը՝ է դուք էլ եղեք ազատ, մի ասեք՝ նրանք ավելի ազատ են՝  մեղքի այս մեր բաժնից ազատվելու համար։

Նկատե՞լ եք այդ գնահատականի մեջ ինքնարդարացման երանգը։ Ես՝ հա, տեսնում եմ դա։ Ապրել ամեն օր այս անարդարության ամոթի հետ, այն Ամոթի իշխանության ներքո, ստորագույն ու հնարած նոր «օրենքների» հպատակությամբ ու ընթանալ չգիտեմ ուր օր առ օր՝ դա մեր ամոթալի լինելն էլ է։

Ուղղակի մի արդարացեք։ Մեզ չի սազի արդարանալը։ 

Արդարանալը Փաշինյան Նիկոլի ճակատագիրն է, որ ինքն է որպես հաղթարշավ խարանել սեփական ճակատին։ Ամեն քայլը, ԻՐ քայլը երբ անում է, դա Նիկոլ մեղավորի ևս մի ելույթ է այն դատական ընթացքում, որում բոլորս դիտող ենք, իսկ 18 Արդարները՝ Ատենակալներ։

Ամեն դատավորի, դատախազի, պետական պաշտոնյայի արած քայլը Փաշինյան Նիկոլի ճառն է դատարանում։

Ամեն՝ Նիկոլի կողմից մեղադրվողի խոսք դա դատավճռի մեխ է հենց Նիկոլի՝    «ազատության», «իշխանության», «հաղթանակի» իր սին պատկերացումներին ու ուրեմն՝ նաև բանտախցի դռանը, ինչքան էլ մուրճը ձեռքին ման գա՝ չմեխվելու վախից։   

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է՝  1992-1994 թթ-ին զոհված իմ եղբայրները, 2020 թ-ին զոհված իմ զավակները ինձ չէին ների, եթե ես այստեղ չլինեի` մեղադրյալի աթոռին։ Ու հենց այս նախադասությունն է, որ սոցիալական ցանցերում տարածվում է։

Գիտե՞ք ինչու։

Մենք արդարանալու պահանջ ենք զգում, որովհետև չենք անում այն, ինչ պիտի անենք։ Ուզում ենք մեղմել Սրբազանների, հերոսածին ծնողների, մյուս Արդարների բանտարկված լինելը մեր աչքին։

Ես գիտեմ, որ Արդարները Ատենակալներ են Փաշինյան Նիկոլին դատող դատարանում, բայց չգիտեմ՝ արդյո՞ք մենք էլ հիմա դեռ չենք դատվում...։

Անահիտ Ոսկանյան
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder