Ինչի՞ց որոշեց դատախազը, որ պետք է պահանջի ազատազրկում, այն էլ 2.5 տարի. Երեմ Սարգսյան
Քաղաքական
17:27 29/09/2025
Հայաստան

Ինչի՞ց որոշեց դատախազը, որ պետք է պահանջի ազատազրկում, այն էլ 2.5 տարի. Երեմ Սարգսյան

«Գիտե՞ք, բացառիկ բան է տեղի ունենում։ Պահանջել ազատազրկում, երբ այդ հոդվածը նախատեսում է հինգ տարբեր պատիժներ՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը ազատազրկման հետ կապ չունի, մինչև երկու ամիս ազատազրկում»,-Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողի կողմից Միքայել Սրբազանի նկատմամբ 2.5 տարի ազատազրկում պահանջելուն։

Նա մանրամասնեց, օրենքը նշում է, խիստ պատիժ նշանակվում է, եթե առավել նվազը չի կարող իրացնել պատժի նպատակը։

«Սա նշանակում է, եթե կան ծանրացնող հանգամանքներ։ Մենք ներկայացրեցինք Վազգեն Մանուկյանի գործը, երբ դատարանը նշանակել է 400 հազար դրամ տուգանք, այդ ժամանակ կարճաժամկետ ազատազրկում,  հանրային աշխատանք։ Հիմա ինչի՞ց որոշեց դատախազը, որ պետք է պահանջի ազատազրկում, այն էլ 2.5 տարի։ Ակնհայտ չէ՞, որ սա քաղաքական բնույթի հետապնդման շարունակությունն է, հանձնարարություն»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանը նշեց, որ Միքայել Սրբազանը թույլ չի տվել վկայակոչել մեղմացնող հանգամանքներ, քանի որ նա որևէ հանցանք չի կատարել, որևէ բան չեն հայցելու դատարանից։

«Բայց մենք ներկայացրեցինք պրակտիկան, որ հետո չասեն, մենք չենք ուսումնասիրել փորձը։ Իրենց փոխարեն ամեն ինչ արել ենք, ներկայացրել»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը, վկայակոչեով դատավորի իրականացրած խախտումները, համոզմունք հայտնեց, որ ակնհայտ է, որ դատարանը կոմպրոմատի կամ ինչ-որ բանի պատճառով վախեցած է այս իշխանութունից, և անելու է այն, ինչ անում է։

«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն, քանի որ կա մեղադրական վերդիկտ, մենք բողոքարկելու ենք, քանի որ դա հակասում է ճշմարտությանը»,-ասաց Զոհրաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder