Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տեր Արամը ստախոս է, նա ստում է։ Ընդամենը դա կասեմ, դրանից կարող եք հետևություններ կատարել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանի պաշտպան Կարլեն Ավագյանը։
Հարցին՝ հարցաքննվե՞լ, ցուցմունք տվե՞լ է Տեր Արամը, նա պատասխանեց. «Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության գաղտնիությունը, ընդամենը կասեմ՝ Տեր Արամը ստախոս է, շարքային ստախոս։ Հարցաքննությունն ու ցուցմունքը նույն բաներն են, այդ իսկ պատճառով ասում եմ՝ Տեր Արամը ստախոս է»։
Հիշեցնենք, որ նախօրեին Արագածոտնի թեմի մեկ տասնայակից ավելի հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ բերման էին ենթարկվել։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորել է։ Մեկ ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Նախօրեին հոգևորականներին բերման ենթարկելու, ձերբակալելու ընթացքում Տեր Արամը հայտարարել էր լրատամիջոցներով, որ ինքը կապ չունի այդ ձերբակալությունների հետ։
Կարլեն Ավագյանը տեղեկացրեց, որ դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը, ով պահանջել էր երկու ամսով կալանավորվել Տեր Գարեգին Արսենյանին։ Հոգևորականը կալանավորվել է մեկ ամսով։
Փաստաբանն ասաց, որ Տեր Գարեգին Արսենյանը մեղադրվում է հանցանքին առերևույթ օժանդակելու մեջ։
«Դատարանն առաջադրած մեղադրանքի շրջանակներում գտավ, որ մեկ ամիս կալանք կիրառի, իսկ այլնտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու հոգևոր հոր պատշաճ վարքագիծը»,- ասաց փաստաբանը։
Panorama.am-ին Քննչական կոմիտեից ասացին, որ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը։
Հիշեցնենք, որ հենց Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Եվ հենց Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, որից հետո հարուցվել է քրեական վարույթ։
ՔԿ-ից Panorama.am-ին նախօրեին հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։
Այսօր ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցին՝ Տեր Արամը, նաև Տեր Թադեն ցուցմունք տվե՞լ են հոգևորականների գործով, թեև նրանք ասում են, որ իրենք ցուցմունք չեն տվել, Մկրտիչ Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանն ասաց. «Չեն կարող ցուցմունքներ չտալ։ Պարզ է, որ ցուցմունք է եղել, ցուցմունքով էլ մեղադրանք են առաջադրել»։
Նա կոնկրետ անուններ չնշեց, թե ովքեր են ցուցմունք տվել, միայն ասաց. «Հոգևորականների ցուցմունքներ են»։
Փաստաբան Վարազատ Հարությունյանը գրել է. «Կարևոր մի հարց.
Ի հեճուկս Տեր Արամի երեկվա հրապարակային պնդման, թե «ինքն այդ ամենի հետ կապ չունի» (նկատի ունի Սրբազանի և մյուս հոգևորականների ձերբակալությունները), այնուամենայնիվ դատավարական տրամաբանությունը հուշում է, որ ԱՆՀՆԱՐ Է Տեր Արամին հարցաքննած չլինեն իր Հ1-ով արամ հայտարարության նյութի շուրջ նախաձեռնված քրեական վարույթով:
Լրագրողներին կառաջարկեի ուղիղ հարցադրում անել` ցուցմունք տվել է այդ գործով, թե ոչ:
Եթե չի տվել, ապա ես այս գլխից ներողություն եմ խնդրում իրենից իմ այս «զուտ տրամաբանության վրա հիմնված» դատողության համար»։