«Հիմա ողջ ընդդիմադիր դաշտն ունի մեկ անելիք». Բողոքի ակցիա՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ
Իրավունք
16:26 10/01/2026
Հայաստան

«Հիմա ողջ ընդդիմադիր դաշտն ունի մեկ անելիք». Բողոքի ակցիա՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ

«Անտիֆեյք» լրատվական կայքի թիմը  բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում  նախօրեին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու դատարանի որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է  հանրային մեղադրողի միջնորությունն ու Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրել 3 ամիս ժամկետով։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։

«Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր  հավաքվել ենք այստեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող ապօրինության համատեքստում։

«Երեկ տեսանք՝ ինչպիսի խայտառակ որոշում կայացվեց փաշինյանական վարչախմբի կցորդ հանդիսացող դատարանի կողմից։

Իրավաբանություն չկար, կար քաղաքական նպատակադրում՝ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին հնարավորիս ավելի երկար պահել խցում»,- նշեց նա։

Ֆիդանյանն ընդգծեց, որ հիմա ողջ ընդդիմադիր դաշտն ունի մեկ անելիք՝ օր առաջ հստակորեն կազմակերպված քայլերով հասնել բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը։

«Պետք է գործանական քայլեր իրականացել քաղաքական բանտարկյալների հարցում իրավիճակի բեկումնային փոփոխության համար։ Նարեկ Սամսոնյանը գնացել է  անձնազոհության՝ հստակ գիտակցելով, թե հացադուլն ինչ հետևանքներ կարող է ունենալ  իր առողջության համար։ Բայց նա պայքարից հետ կանգնող տեսակ չէ»,- ասաց Ֆիդանյանը։

Նա հայտնեց, որ նման միջոցառումները լինելու են շարունակական։

Նշենք, որ ակցիայից հետո տեղի կունենա իրազեկման քայլերթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիային պողոտա-Ամրիյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder